սամույր։ Ասա ձևը Կովկասի բոլորովին անծանոթ չլինելեն և մինչև այսօր տակավին գոյությունե դադրած չլինելեն զատ, Հայաստանի արևմտյան գավառներու մեջ մինչև այսօր նույնությամբ կհագվին քուրդ բեկերը։ Այս օրինակները շատ են 6-7-րդ դարերու հատուկ գերեզմանական կոթողներու վրա թե՛ խոզի և թե՛ մարդու գլխով քանդակված։ Կարծեմ՝ տարակույսի տեղ չի մնար, որ այս տարազն էր և ավանդաբար շարունակված է մինչև այսօր․ թե անկից առաջ որչափ հին է, այդ արդեն քննության կարոտ է, թեև գերեզմանաքարի այս ոճը այնքան հին է, որ մինչև հեթիտական ժամանակներուն կհասնի։
Ալեքսանդրոպոլի (Լենինական) մոտ, Դարբանդ գյուղեն գտնվեցավ մի ուրիշ կոթողաձև գերեզմանաքար, որ քրիստոնեական շրջանեն շատ առաջ՝ հեթանոսական դարերու կվերաբերի։ Այդ կոթողին երեք կողմի վրա քանդակված են գազանագլուխ մարդակերպ հրեշներ, իսկ մեկ կողմին վրա ալ՝ մի կնոջ պատկեր: Հակառակ անարվեստ քանդակագործության և քարին չափազանց մաշված լինելուն, դարձյալ որոշ է գլխի զարդարանքի ձևը: Մազերը սանրված և երկու կողմեն կախ ընկած, ճակատին վրա եղեր է կապված մի ժապավեն՝ հորիզոնական, և կամ, ավելի հավանական, գլխին դրած է մի գլխանոց՝ շատ նման Թիֆլիսի հին կանանց գլխանոցին, վրան ալ ունի մի առանձին ծածկոց՝ ուսերեն վար իջած: Գլխի այս զարդարանքը առավել կամ նվազ փոփոխությամբ կարելի է մինչև այսօր տեսնել բովանդակ Հայաստանի նահապետական կանանց մեջ:
Մի ուրիշ հետաքրքրական սովորություն իմ օրով գոյություն ուներ ծննդավայրիս՝ Շապին Գարահիսարի մեջ, հյուրասրահի կամ տոնասրահի տեսակետով: Պետք է գիտենալ, որ Շապին Գարահիսարի և իր շրջակայից հայ բնակչությունը Վասպուրականի և Անիի գաղթականություններով խառն է: Մասնավորապես Թամզարա գյուղաքաղաքի բնակչությունը զուտ Անիի գաղթականությունն է: Շ. գարահիսարցիք շատ արհամարհանքով կվերաբերվեին դեպի Թամզարայի հայությունը, մինչև իսկ շատ հազվադեպ պարագաներու մեջ խնամություններ կկատարեին: Այս արհամարհանքին պատճառն էր մի ընդհանուր համոզում, թե թամզարացիք անիծած ժողովուրդ են: Տարակույս չկա, որ Պլուզ Հովհաննես վարդապետի Անի քաղաքը անիծած լինելուն ավանդությունն էր, որ կշարունակեր տակավին. բայց պետք էր ըսել, որ թամզարացիները վերին աստիճան ժրաջան և առանց բացառության արհեստավոր ժողովուրդ էին, գլխավոր արհեստնին էր ոստայնանկությունը: Կային շատ վարպետ բրուտներ, որոնք քաղաքի մեջ գտնված հույն բրուտներեն գերազանց առավելությամբ խեցեղեն անոթներ կշինեին: Չափազանց զբոսասեր և վայելչասեր էին: Գյուղաքաղաքը դրախտի նման պայծառացուցած էին պարտեզներով ու ծառաստաններով՝ մոտեն անցնող մի վտակի բավական առատ ջրեն օգտվելով: Երբ Անիի մեջ սնդիկի ամաններ գտնվեցան, իրենց տարօրինակ ձևով դեռ ոչ ոքի հայտնի չեղած, առաջին անգամ ես հայտնեցի այդ ամաններուն շինության նպատակը, որովհետև մինչև իմ օրերը գործածական էին և շինողները թամզարացի բրուտներն էին:
Մեծ տուն շինող հարուստները անպատճառ տան մեջ կշինեին մի մեծ սրահ՝ հատկապես հարսանիքներու և տոնական խնջույքներու հատուկ (նկ. 278): Այս սրահը տան մյուս մեծ ու փոքր սենյակներեն բոլորովին տարբեր հատկանիշներ ուներ: Առհասարակ