հավանաբար վերևի սյունը վրան կանգնեցնելու համար։ Բայց ի՞նչ շինության բեկորներ են այս հետաքրքրական զանգվածները, հայտնի չէ, թերևս մի մեհյանի կամ ուրիշ մի հասարակական շինության բեկորներ են։
Միջնապարիսպները շինության տեսակետով, գրեթե տարբերություն չունին արտաքին պարիսպներեն։ Միևնույն վայրենի ույժը և անօրինակ տանջանալից միջոցները ի գործ դրած են ներքին պարիսպները կառուցելիս: Հետևյալ պատկերը ցույց է տալիս, թե քաղաքամասերը պարսպելու համար ինչպես հսկայական քարեր միմյանց մոտ բերելով, տեղի վրա ուղղել են, և, անշուշտ, այդ ահավոր խոշորությամբ քարերի վրա հարդարել են նաև հաջորդաբար ուրիշ շարքեր։
Սալահատակված մասից ուղիղ դեպի հարավ եղել է մի ընդարձակ գերեզմանատուն դեպի արևելահարավ երկարած, որի մեջ պրոֆ. Բագրատ Խալաթյան պեղումներ կատարելով՝ բացել է երեսուն հատի չափ գերեզմաններ. ըստ վկայության ականատեսների, բավական թվով առարկաներ հանել է այս գերեզմաններից, բայց ինձ հայտնի չէ, թե որ թանգարանն են դարսված այս առարկաներ:
Շինության ժամանակի տեսակետով, թե արտաքին պարիսպը և թե քաղաքը զանազան մասի բաժանող պարիսպները բոլորովին նախնական հատկանիշ ունին, հսկայական քարի զանգվածներ անշաղախ միմյանց վրա դրված են պատ ձևացնելու համար. բայց հազիվ կարելի է կարգ և ուղղություն փնտռել թե քարերի և թե պատերի մեջ. որմնաշինական գործիքների հետքերը գրեթե չեն երևում քարերի վրա, և անկարելի է առանց ապշության դիտել, թե մարդկային արտակարգ ուժ և միջոցներ ի գործ դրել են պարսպաքարերը միմյանց վրա բարձրացնելու համար: Այստեղ, Հաջի-Խալիլի նման, տեղի դիրքը ևս չէր նպաստել հեշտությամբ քարերը միմյանց վրա հանելու համար. միակ միջոցը մարդկային բիրտ ուժն ու երկարատև աշխատանքն էր այս տեսակ գործերը գլուխ հանելու համար:
Նույնաձև են ուրիշ քաղաքամասերի պարիսպներ, որոնց մեջ ոչ մի որմնաշինական արհեստ կամ ճարտարություն գոյություն չունի, այլ, ինչպես գրել եմ ուրիշ առթիվ, պատեր կան, ավելի լավ է ասել, արգելափակեր են քաղաքի մեկ մասից մյուս մասն անցնելու համար։ Անշուշտ, այս պարիսպները հնումն ավելի բարձր էին և դռներ ունեին, որոնք ի հարկի կփակվեին։
Քաղաքը զանազան մասերի բաժանող պարսպամասերի մեկի անկյունը (նկ. 17) կներկայացնե այստեղ պատկերը, որպես թե անկյունին վրա ուզել են մի բուրգ շինել, բայց միևնույն քաոսն է տիրում նաև բրգաշինության մեջ, բուրգի գաղափարը միայն երևում է, բայց շինվածքը տարօրինակ կերպով անկանոն մի քարակույտ է գրեթե, փոխանակ բուրգի։
Քաղաքի ավերակների արևելյան կողմը ձորանման մի տեղ կա, որն իջնում է ցած և խառնվում է հյուսիսակողմյան ընդարձակ դաշտի հետ։ Այստեղ էր քաղաքի գլխավոր դուռը։ Այս դռնից ներս մտնելով, մարդիկ կառաջանային քաղաք, և առաջին առթիվ կհանդիպեին աջ կողմից վերև նկարագրված անհեթեթ շինությունը