հարկեն վեր, յուրաքանչյուր հարկի բարձրությունը գրեթե 2-3 մետր էր։ Յոթերորդ հարկին վրա, բնականաբար շատ փոքրացած, քան ստորին հարկի տարածությունը, այնուամենայնիվ ուներ բավականին մի ընդարձակ հարթ տանիք։ Այս տանիքի վրա կանգնված էր մի փոքր սենյակ, որի մեջ կար մի շքեղ զարդարված անկողին և կողքին մի ոսկիե սեղան։ Այս փոքր սենյակը Մասպերոն անվանում է «Աստվածային բնակարան»։
Մի ուրիշ պատմաբան, նախորդ պատմաբանի նման ինքն ևս Հերոդոտից առնելով՝ գրում է. «աստիճանավոր բուրգի սենյակում կար մի շքեղ անկողին և կողքին մի ոսկիե սեղան, և ավելացնում է, թե այս տաճարին մեջ բնավ արձան չկար, քաղդեացի քահանաներ Հերոդոտին պատմեցին, որ այս մատուռին մեջ մի տեղացի կին գիշերները կանցըներ ճիշտ այնպես, ինչպես որ կգործադրվեր Թեբեի Ամմոնի և Լիսիի պատար (patar) տաճարների մեջ: Այս աստիճանավոր հսկա պիրամիդի ստորոտին մի մատուռ կար, ուր տեսնվում էր Բելը ներկայացնող մի ոսկեղեն արձան, մոտը նույնպես ոսկեղեն մի սեղան։ Կային նաև զոհի ոսկեձույլ սեղաններ։ Տոնական արարողություններ և սլաշտամունքներ կկատարեին այստեղ, բայց ժողովրդի հանդիսավոր վերելքը մինչև գագաթ ազատ էր»։ Ինչպես երևում է, գագաթի վրա ևս կկատարվեին տոնական արարողություններ:
Ուրեմն, Շիրվանջուղի Վարի բերդ անվանածը, իր լերկ գագաթով փոքր սենյականման շինվածքով, արտակարգ լայն արևմտյան դռնով, դեպի գագաթ բարձրանալու համար հասարակաց լայն ճանապարհով, նաև ներքևը հեռվից մի աստիճանավոր բուրգի նմանությամբ և շուրջը ընդարձակ դատարկությամբ Ziggourât-ի բոլոր բնական և արվեստական հատկություններ ունի իր վրա։ Ուստի, նկատելով, որ Հայաստանի ժողովուրդը, իր արևելյան մեծ հարևաններին ենթարկված լինելով, կրոնապես ևս անոնց ազդեցության տակ լինելնին շատ գիտնական պատմաբաններ հաստատել են, իսկ ես Շիրվանջուղի սարը քաղդեական Ziggourât-իների նման պաշտաման մի տեղ նկատելուս համար, կարծում եմ, որ մեծ սխալ գործած չեմ լինի:
Մինչև այստեղ գրեցի նախաքրիստոնեական այն մնացորդների մասին, որոնք նախնադարյան շրջանին պատկանելնին անկասկած է։ Տարակույս չկա, որ այդ ամրոցները ոչ միայն միևնույն դարերում չեն շինված, այլ երկար դարերի ընթացքում հետզհետե կանգնվեր են անոնք, փոքր ի շատե իրենց զարգացման դրոշմը դնելով շինված պատերի ու պարիսպների վրա։
Ներկայիս տակավին գոյություն ունեցող ամրոցների խոր հնությունը շատ դժվար է որոշել, թե մեր թվականությունից քանի դար առաջ շինված էր, որովհետև մնացել են մի միայն պատեր, և ավելի ճիշտ կլինի ըսել, թե ըստ քարերի ծավալի, երբեմն լայն, երբեմն նեղ, որոշ գծի վրա պատի նմանող քարակույտեր. և այդ քարակույտերն ևս այնքան անարվեստ կերպով կուտակված են, որ անոնց վրա որմնաշինական գործիքների հետքն անգամ չի երևում. իսկ կրաշաղախը միանգամայն անծանոթ էր այս շրջանում և պատերը շինվում էին բոլորովին առանց կրաշաղախի։ Բնականաբար, այդ ամրոցները և պատերը շինող ժողովուրդը, քտղաքակրթությունե զուրկ, գրեթե կիսավայրենի վիճակի մեջ էր։
Իսկ այսուհետև նկարագրելի ամրոցներն ու բերդաքաղաքները, թեև նախաքրիստոնեական են, այնուամենայնիվ հին շրջանի բերդերի որմնաշինական հատկությունների հետ բաղդատելով, քարերի դասավորություններն ավելի մշակված են. հետզհետե երևում են նախ լարաձիգ ուղղություն և հետո բրոնզյա կամ երկաթյա մուրճերի միջոցով քարերը քառակուսելու և յուրաքանչյուր քարի կանոնավոր նիստ պատրաստելու ճիգերը։ Թեև, իհարկե, բոլորովին չեն հաջողած, քարերի ճակատները մեծ մասամբ անմշակ են, ամբողջ պատի երկարությամբ նիստերն ուղիղ գծի վրա չեն, կրաշաղախ այս շրջանում ևս գոյություն չունի, նախաքրիստոնեական շրջանի վերջերին հազիվ մի քանի շենքեր կգտնվին, որոնց մեջ թեև կրաշաղախ գործածված է, սակայն մեզ անծանոթ պատճառներով կրաշաղախի գործածությունը չի ընդհանրացել մինչև քրիստոնեական թվականի սկիզբները։ Թեև քրիստոնեության արշալույսին տեղատեղ գտնվում են երկաթի գործիքներով երեսը մաքուր տաշված քարեր, բնականաբար անոնց ծավալներն ավելի չափավորված և կանոնավորված են։
Այդ հետագա շրջանների ամրոցները, որ այժմ պիտի նկարագրեմ, դարձյալ մի զգալի զարգացում չեն ցույց տալիս, եթե ոչ ճարտարապետական, գեթ որմնաշինական արհեստի մեջ։ Կարծում եմ, որ երկրորդ շրջանի ամրոցներն ամբողջովին ուրարտական շրջանին վերագրելը բոլորովին ճիշտ չի լինի, որովհետև, նախ՝ կրաշաղախ գրեթե գոլություն չունի այս ամրոցների մեջ, որ արդեն ծանոթ էր ուրարտական շրջանում. երկրորդ՝ հազիվ են երևում երկաթի մուրճերի հետքերը քարերի վրա. մինչդեռ ուրարտացիներին ծանոթ էին երկաթի գործիքներ, քանի որ մենք գտնում ենք շենքի գեթ զանազան մասերի վրա բոլորովին սրբատաշ քարեր՝ երկաթի գործիքներով տաշված։ Արդ, մինչև մեր թվականը եթե հին ամրոցների մեջ պատահում են կրաշաղախով պատեր, այդ մասին ունիմ առանձին տեսություն, որ պիտի պարզեմ իր կարգին։
Գյավուր-ղալա. — Արագածի լանջերի վրա նշանավոր ամրոցներից մեկն է Գյավուր-ղալա անվանված ամրոցը և անոր կից բերդաքաղաքը։ Թեև նախապատմական խոր հնության մեջ կառուցված չէ այս ամրոցը, բայց հետագա երկրորդ շրջանի թերևս սկիզբները կանգնված է, որը նաև բերդաշինության ոճի իբրև օրինակ ծառայած է Կափըլիի, Ադյամանի, Կոխդայիրմանի, նման այն ամրոցներին, որոնք շինված են նախապատմական խոր հնություն ունեցող ամրոցներից