Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

619 Խնդությունից շտապեցի, զարկում էր իմ սիրտն անհամբեր,
Ու սիրեցի վարդը ես այն, ձյունը որին չէր դիպել դեռ.
Վճիռն էր իմ՝ չհապաղել և հարձակվել նրանց վրա.
Իմ սև ձիուն՝ ի՜նչ շնչավոր, ի՜նչ կհասնի վազքին նրա։

620 Եվ ասպանդակ տվի ձիուս, շամբը ոտիս տակ խշխշաց,
Բայց չհասա՝ նավը փախավ, թեպետ մտրա՛կս ուժգին ֆշշաց.
Ծովափ հասա, տեսնեմ՝ հազիվ խամրող արև փայլեց հեովում,
Ու հեռացնում, տանում էին, և հուրը իմ սիրտն էր այրում»։

621 Այս լսեցի Ֆրիդոնից՝ կրակ բռնեց, է՛լ ջերմեցի,
Ձիուց ընկա անմիջապես և գլուխն իմ անգոսնեցի։
Ներկո՛ւմ էր ինձ նորից հենց իմ այտից հորդող շիթը արյան
Ու կանչեցի. «Ինձ սպանի՛ր, մեկն առանց ինձ տեսավ նրան»։

622 Ֆրիդոնը երբ այս լսեց՝ օտար թվաց ու զարմացավ,
Սակայն գթա՛ց ինձ մեծապես՝ լացով ինքն էլ ինձ միացավ.
Ու աչքերից հանց մարգարիտ՝ ջերմ արտասուք նա անձրևեց
Եվ ամոքեց ինձ որդու պես՝ մերթ աղաչեց և մերթ սաստեց։

623 «Վայ ինձ,— ասաց,— ի՛նչ պատմեցի, սխալմունք էր, չար պատահար»։
«Մի՝ փոշմանիր,— ասի նրան,— մի՝ վշտանար դրա համար.
Իմն էր, այո, լուսինը ա՛յն, նրա կրա՛կն է ինձ այրում,
Այժմ պատմեմ, քանի որ ինձ՝ ընկեր լինե՛լ ես ցանկանում»։

624 Նուրադինին ես պատմեցի—բոլորն, ինչ որ եկավ գլխիս,
«Ի՜նչ պատմեցի,— ասաց նա ինձ,— ես՝ սխալս, ծիծաղելիս,
Դու, հզորդ Հնդկաց արքա, անելի՛քդ է ինձ մոտ բերել,
Քեզ տիրական գահ ու աթոռ, լի պալատնե՛ր են քեզ վայել»։

625 Նորից ասաց. «Ում որ աստված իրան տվեց նոճիագեղ,
Սրտում նրա տեգ չի թողնի, նախուստ թեպետ թողեց խոցել.
Ողորմությունն առատաբուխ երկնից ի վար կամպրոպի նա,
Երբեք նա մեզ չի նեղացնի—վիշտը բերկրա՛նք պիտի դառնա»։

626 Վերադարձանք արտասվելով՝ ու պալատում՝ իրարու դեմ,
Ես ասացի. «Ինձ օգնական — քեզանից զատ ոչ ոք չունեմ.
Զի արարիչն ուրիշ մեկին աստ չի՛ հղել քեզ հավասար,—
էլ ավելին չե՛մ ցանկանում, քանի որ մենք տեսանք իրար։