635
Նուրադինին ես ասացի. «Սև է այսօր օրն ինձ համար,
Վկա լինի երկինքը թող, ասելն անգամ շատ է դժվար.
Թե չլինես — ես խավարում՝ կգիշերվի զորս անգամ,
Ես բերկրանքից իսպառ զրկված, շղթայված եմ վշտով միայն։
636
Ու քանի ես նրա մասին էլ ոչ մի լուր չեմ սպասում,—
էլ չեմ մնա, թույլ տուր գնամ, ֆարման եմ ես քեզնից ուզում,
Ու Ֆրիդոնն այս լսելով՝ հորդեց հեղեղ արտասուքի,
Ասաց. «Եղբայր, այսօրվանից՝ բերկրանքը իմ փոխվեց սուգի»։
637
Եվ թեկուզ շատ աղաչեցին, ես անկարող եղա մնալ,
Իսկ ծնկաչոք զորքը նրա պաղատում էր ինձ չգնալ.
Գրկում էին, ինձ համբուրում՝ իրենք լալիս, ինձ լացացնում,
Թե. «Մի՛ գնա, դառնանք ծառադ, քանի դեո կա՛նք մենք
աշխարհում»։
638
էս ասացի. «Դժվա՜ր է շատ և՛ ինձ համար թողնելը ձեզ,
Սակայն թողի հեռու անցա մարդաբնակ վայրերն անդին
Ես իմ գերուն չեմ ուրանա, չէ՞ որ և դո՛ւք խղճում եք ինձ,
Մի արգելեք, չեմ մնալու, մի նեղանաք դուք ինձանից»։
639
Ապա Ֆրիդոնն ինձ մոտ բերեց և նվիրեց ահա այս ձին,
Ասաց. «Ահա, տալիս եմ ձեզ՝ արևդեմին և չինարին,
Գիտե՛մ, ուրիշ բան չես ուզում, բայց նվերին ի՞նչ պարսավանք
Ինքը՝ թող ձի՛ն հավանեցնի՝ քեզ ձի վարել ու շտապանք»։
640
Ու Ֆրիդոնն ինձ ուղեկցեց, մենք երկուսով շատ լացեցինք,
Ապա իրար համբուրեցինք ու կականով բաժանվեցինք։
Եվ զորքը ողջ լացեց սրտանց, իրավ և ոչ լեզվով միայն,
Իսկ բաժանումն իրարից մեր—հայր ու որդու էր իսկ նման։
641
Նուրադինից բաժանվելով՝ սկսեցի նորից փնտրել
Եղա ծովում, թե ցամաքում, ոչ մի երկիր բաց չեմ թողել,
Սակայն նրան տեսած մարդու ես ոչ մի տեղ չհանդիպեցի.
Հոգիս ամբողջ վայրագացավ, ես՝ վայրենյաց նմանվեցի։
642
Ասի. «Զո՛ւր է իմ թափառումն, զուր է լողալն այսուհետև,
Գազանների մեջ լինելով՝ վիշտս գուցե դառնա թեթև»,
Ծառաներիս ու Ասմաթին ես մի քանի խոսք ասացի.
«Գիտե՛մ, դժգոհ պիտի լինեք, ձեզ շատ ու շատ չարչարեցի։