643
Արդ գնացե՛ք ու ինձ թողեք, դուք ձեր գլխի տերը եղեք,
Էլ մ՛ի տեսեք արցունքն իմ հորդ, արտասուքից մի՛ սրտնեղեք»։
Երը լսեցին սրանք այսպես՝ խոսքերը իմ՝ խիստ դառնագին,
«Հե՜յ,— ասացին,— ի՞նչ հրաման, էլ չհասնի՛ մեր ականջին։
644
Մենք չենք ուզում տեսնել ուրիշ տեր ու պարոն բացի քեզնից,
Աստված թող մեզ չհեռացնի ձեր նժույգի թողած հետքից.
Ու ձեզ նայենք, տեսքին ձեր այդ՝ և գեղեցիկ, և՛ սիրելի»—
Դու մի ասա՝ կյանքը մարդուն՝ թե ծույլ իսկ չէ՝ ծույլ կդարձնի։
645
«Չուղարկեցի, եղա հլու՝ ծառաներիս ասած խոսքին,
Սակայն թողի ու հեռու անցա մարդաբնակ վայրերն անդին
Ու եղնիկի, այծյամի հետ ապրելն ինձ տուն համարեցի,
Ցածում՝ ձորեր, բարձրում՝ սարեր՝ ես իմ ոտքով տրորեցի։
646
Գտա այրերն այս անբնակ ու դևերի ձեռքով տաշած,
Հարձակվեցին՝ կոտորեցի, ես նրանցից չեղա խաբված,
Սպանեցին իմ ծառայոց — նրանց հագին զրահն էր վատ։
Ինձ հորձա՛նքը կպավ կյանքի, նա՛ ինձ արեց կնճռաճակատ։
647
Ահա, եղբա՛յր, այդ օրվանից այստեղ եմ ես, այստեղ մեռնում.
Խելակորույս դաշտեր վազում, մերթ լալիս եմ, ուշաթափվում,
Այս կինն ինձնից չի հեռանում, սա էլ՝ այրվո՛ղ նրա համար,—
Ես չեմ ձգտում ուրիշ ելքի՝ մահ եմ միայն փնտրում համառ։
648
Որովհետև ինձը սիրուն դե՛մքն է նրա ինձ հիշեցնում՝
Սիրում եմ ես նրա մորթին ու մորթեկար հագուստ հագնում,
Այս կինն է իմ շորը կարում, մերթ հառաչում, անում մերթ ախ,
Թուրս, սակայն, զուր եմ սրել՝ չեմ սպանել ես ինձ, ավա՜ղ։
649
Իմ կորածին հիշե՛լն է լոկ ինձ այս կյանքի հետ շաղկապում,
Ա՜խ, անկարող է ներբողել նրան երգիչն էլ իմաստուն.
Վայրենացած ես այնուհետ, համակյաց եմ նրանց ապրում,
Ու երկնքից ոչ ուրիշ բան, մահ եմ միայն ես աղերսում»։
650
Խփեց դեմքին, այտերն անգին՝ պատառոտեց—վարդը պոկեց.
Լալը փոխեց դեղին սաթի ու ողջ բյուրեղն իր փշրոտեց։
Ու վայր հոսեց շիթն արցունքի Ավթանդիլի թարթիչներից,
Եվ սփոփեց կինը նրան՝ աղաչանոք պաղատալից։