651
Դիմեց ապա Ավթանդիլին, հանգստացած ինքն՝ Ասմաթով,
«Քո իղձը ես կատարեցի՝ անկատարս ես իմ իղձով,
Եղելությունն իմ պատմեցի՝ ես՝ մերժված կյանքից դաժան,
Այժմ դարձիր, տես արևիդ՝ տեսքին նրա կարոտաժամ»։
652
Ավթանդիլը պատասխանեց. «Զատվել քեզնից՝ չեմ հանդուրժի.
Թողնեմ թե քեզ՝ արցունքն աչքիս՝ անվերջ-անվերջ պիտի հոսի,
Ճիշտը ասեմ՝ մի նեղացիր, հանդգնում եմ այսպես խոսել,—
«Խինդ չես բերի դու քո մահով, նրան՝ ում դու կուզես փրկել։
653
Բժիշկը երբ հիվանդանա, ինչքան էլ նա հմուտ լինի,
Ուրիշ բժիշկ պիտի կանչի՝ իր երակը զննի-քննի.
Որ նա պարզի հիվանդությունն ու պատճառն այդ հիվանդության
Զի առավել գիտե օտարն՝ օտարին թե ի՛նչ է դարման։
654
ինչ որ ասեմ՝ դու ինձ լսիր, խո՛սքս իմաստուն, ոչ է հիմար.
Դու հարյուր խոսք պիտի լսես, չէ՛, մեկը չէ՛ քեզ բավարար.
Ոչինչ լավ բան մարդ կբերի—դառնացած է, երբ տաքարյուն,
Կուզեմ հիմա տեսնել նրան, ում վառ կրակն է ինձ այրում։
655
Տեսնեմ նրան, սերը նրա իմ սիրո պես ես հաստատեմ,
Պատմեմ նրան ինչ իմացա, ուրիշ ոչինչ անելու չեմ։
Ու խնդրում եմ՝ ի՛նձ հավատա, հանուն երկնի և աստծու.
Երդվենք իրար, որ չուրանանք, չմոռանա՛նք մենք իրարու։
656
Սակայն պիտի խոստանաս ինձ, որ այստեղից չես հեռանա,
Իսկ ես երդմամբ իմ հավաստեմ, որ քեզ երբեք չեմ ուրանա.
Կրկին կգամ, քեզ կայցելեմ, որ քեզ համար շրջեմ, մեռնեմ,
Ու մեռնո՛ւմ ես դու ում ի սեր՝ աստված կամի՝ թեթևացնեմ»։
657
Պատասխանեց. «Օտար ես դու, ո՞նց սիրեցիր ինձ՝ օտարիս,
Ու չե՛ս ուզում արդ բաժանվել, սոխակն ինչպես իր վարդ-յարից
Ես քեզ ինչպե՞ս կմոռանամ, ինչպես օգնել ինձ խոստացար,
Եվ տա աստված՝ տեսնեմ նորից—քեզ՝ դեռահաս նոճուդ դալար։
658
Երե՛սդ ինձ փափագելով եթե կրկին իմ կոդմ դառնա,
Սիրտս տափերն էլ չի՛ ընկնի, չի՛ եղնանա, այծամանա.
Թե քեզ խաբեմ, դավաճանեմ—տերը պատմել ինձ որոշի,
Կրկին անգամ քեզ նայելով՝ կդառնա՛ իմ վիշտը փոշի»։