Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

748 Կարծես ուրախ լուր ունեիր՝ շտապեցիր ինձ հաղորդել,
Ավելի վատն ո՞վ ինչ կանի, չասե՛նք դավով ինձ սպանել,
Խելառ, լեզուդ ինչպե՞ս շարժվեց այդ բանն ասել հանդգնաբար.
Քեզ պես խելառ՝ ո՛չ թե վեզիր, պետք չէ ո՛չ մի բանի համար։

749 Մարդը մի՞թե տիրոջ համար անդուրեկան բան չի անում,
Հիմար խոսք է երբ որ գլխից հիմարաբար նա բարբաջում.
Ականջս ինչու չխլացավ՝ այդ խոսքերը քո լսելիս.
Թե սպանեմ՝ արյունը քո՝ իզուր պիտի առնեմ վզիս»։

750 Դարձավ նորից. «Նրա կողմից թե արդ ղրկված չլինեիր,
Մի կասկածիր, ինքս վկա, գլխից իրոք կզրկվեիր։
Գնա, դարձիր, դու չա՛ր, դու խե՛նթ, դու՝ անամո՛թ, ժպի՛րհ, պղծա՛ծ,
Կեցցե՛ խոսքը, մա՛րդը կեցցե, կեցցե՛ գործը նրա արած»։

751 Նա կռացավ, աթոռն առավ, պատին խփեց՝ փշուր-փշուր,
Թե վրիպեց՝ էլ թնդացավ, և ոչ դարձավ ուռի փխուր։
«Նրա երթալն ինչպե՞ս ասիր, ի՞նչպես երթա մատաղ հալվեն»,—
Ու վեզիրի այտով ճերմակ արցունքն հոսեց վար ի վերեն։

752 Թե խուսափեց վեզիրը խեղճ՝ վախից կապվեց նրա լեզուն,
Ձայնը կտրեց, աղվեսացավ, ու վերքն էր իր ցավում սրտում։
Մտավ խիզախ, ելավ՝ վհատ, խայտառակեց լեզուն նրան.—
Չի վնասում ոսոխն այնպես, ինչ բերում է մարդն ինքն իրան։

753 Ասաց. «Աստված ի՞նչ տար ուրիշ՝ իմ մեղքերին իրոք արժան
Ես խաբվեցի, խավարեցի, ումից հուսամ լույս փրկության։
Ով զեկուցի տիրոջն իրա՝ հանդուգ-հանդուգ բառեր ասի,
Նա էլ իմ օ՛րն է ընկնելու՝ որքան իրեն հանգիստ կարծի»։

754 Եվ վեզիրը քայլում էր իր սև բախտի հետ ամոթահար.
Ավթանդիլին դիմեց ասաց՝ ինքը տխուր, դեմքով մռայլ.
«Ձեզ ի՞նչ շնորհ արդ զեկուցեմ, ընտի՛ր դարձա ինչպես ձեզնով,
Ա՛խ, գլուխը իմ պատվավոր զուր կորցրի գործած մեղքով»։

755 Քծնում էր նա, կաշառքն ուզում, բայց արտասվել չէր ընդհատում,
Զարմանում եմ՝ ինչպես էր նա ճամարտակում, դեռ կատակում,—
Խոստացածը ով չի տալիս՝ կառավարչին կանի դժկամ.
Ասված բան է՝ «Կաշառքն իրոք կհեշտացնի դժոխքն անգամ»։