Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

994 Եվ զորքի մեջ լսվեց արդեն ողբ ու սուգի ձայներ հնչուն,
Ոմանք երեսն էին ճանկռում, ոմանք նետում գլխից խավուն,
Ֆրիդո՛նն էր ողբում ձայնով՝ ում չէր տեսել յոթը տարի.
«Վայ կեղծիքի, ունայնության և անհաստատ փուչ աշխարհին»։

995 Ասում ապա. «Ինչպե՛ս գովենք, ինչպե՛ս կոչենք անասելուդ,
Դո՛ւ, արևի մոլորակաց ճամփից շրջող, երկրի արփուդ,
Դո՛ւ, խի՛նդ տվող մերձավորաց, մարդկանց բերկրանք ու կյանք շնչող,
Դո՜ւ՝ աստղերի լույսի աղբյուր, դո՛ւ՝ ջերմացնող և թե այրող։

996 Հեռացել ես ինչ ինձանից, դարձել է կյա՛նքս անտանելի,
Դու անտարբեր ես դեպի ինձ, ես քեզ համար՝ կարոտով լի,
Ինձ չես տեսնում՝ այդ հեշտ է քեզ, իսկ ես կրում եմ տառապանք,
Եվ ատելի են ինձ համար՝ ուր դու չկաս՝ աշխարհ ու կյանք»։

997 Ֆրիդոնը խոսքն իր ասաց եղանակով ողբ ու սուգի,
Հանգստացան ու լռեցին, գնում էին առանց երգի,
Ով տեսնում էր Ավթանդիլին՝ գերվում գեղով եթերային.
Թանաք-լճեր խոժոռակա սաթ կամարով ծածկած էին։

998 Մտան քաղաք, նրա առաջ բացվեց շքեղ մի ապարան,
Լի ամենայն վարող անձոք ու հոգածուք իշխանության,
Ծառաները՝ հագած շքեղ և՛ կատարյալ, և՛ կարգապահ,
Նայում էին Ավթանդիլին ու հիանում անկեղծաբար։

999 Ու ապարանք, մեծ բազմությամբ, եկան մարդիկ պալատական,
Բազմել էին աջ ու ձախից դիդեբուլներ հիսունական,
Իսկ երկուսը՝ իրար կողքի — ո՞վ էր որ չէր գովում նրանց,
Լալ-բյուրեղին տալիս են շուք՝ մի տեղ սև սաթ, մի տեղ մինան։

1000 Եվ սկսվեց մի հացկերույթ, խորտիկների առատություն,
Մեծարում էր արքան հյուրին, ինչպես խնամի՛ն իր խնամուն։
Ու ամաներն էին փոխվում՝ միշտ գեղեցիկ ու նորանոր,
Բայց ով տեսավ Ավթանդիլին՝ սիրտը հուր էր ընկնում բոլոր։

1001 Կերան այդօր ու խմեցին, ավարտեցին խնճույքն ապա,
Լողացնելու տարան ծեգին, մարմինն արին ատլաս կաբա,
Ու բյուր-հազար արժողության զգեստ ահա նրա հագին,
Բոլորեցին մեջքին գոտի՝ չկար որին աշխարհն էլ գին։