1002
Այնտեղ մնաց մի քանի օր, անկարող էր մնալ թեպետ,
Խաղերի էր նա դուրս գալիս, որսի գնում Ֆրիդոնի հետ.
Խփում էր նա՝ հեռու, թե մոտ, ինչին նրա աչքն էր հասնում,
Նետաձիգներն ապշում էին, երբ նրա զարկն էին տեսնում։
1003
Կտրիճն ասաց Ֆրիդոնին. «Լսիր հիմա քեզ ինչ կասեմ.
Ես այնու եմ գլխիս տալիս՝ բաժանվելս մահ կկարծեմ,
Սակայն ես այլ միջոց չունեմ, ուրիշ կրակ է ինձ այրում —
Ճամփան՝ երկար, գործն է շտապ, այստեղ ես շա՜տ եմ ուշանում։
1004
Ճիշտ է, քեզնից անջատվելով պիտի արցունք թափեմ աչքից,
Սակայն այսօր թե չմեկնեմ, ծանր վիշտը տանջե պիտ ինձ.
Ճամփորդն երբեք իր անցնելի ճամփից պիտի չհապաղի,
Գնանք ծովափ ու արևին՝ ո՛ր կողմ տարան՝ ցո՜ւյց տուր ուղին»։
1005
Ֆրիդոնն ասաց. «Ինձ չէ վայել արգելք լինել և չեմ ուզում։
Ես լավ գիտեմ, որ չես մնա, քո սիրտն ուրիշ տեգ է խոցում,
Գնա՜, աստվա՜ծ քեզ ուղեկից և թշնամուդ հաղթես, գնա՜,
Բայց ինձ ասա, թե առանց քեզ՝ իմ սիրտն ինչպե՞ս կդիմանա։
1006
Սիրտ եմ անում քեզ տալ խորհուրդ՝ չպետք է դու գնաս մենակ,
Ես քեզ կտամ մարդ մի քանի, որ ծառայեն քո ձեոքի տակ.
Կտամ և զենք, մի անկողին, մի լավ նժույգ և մի ջորի,
Ապա թե ոչ՝ շատ կնեղվես դու վարդաթուշ, արցունք բարի»։
1007
Տվեց նրան նա չորս ծառա՝ հավատարիմ և բազմունակ,
Լրիվ մի զենք տղամարդու և զանգապան, լանջապանակ,
Մաքուր ոսկի՝ լիտր վաթսուն և ո՜չ պակաս, ուղիղ կշռով,
Եվ մի նժույգ անզուգական, իրեն ամբողջ սարք ու թամբով;
1008
Եվ անկողին դրին մեջքին մի ամրաոտ ուժեղ ջորու,
Ֆրիդոնն հեծավ նժույգն իրա՝ հյուրին առժամ ուղեկցելու։
Երբ անջատման ժամ էր հիշում, ասում էր նա խիստ վշտահար
«Ձմեոը մեզ չէ՜ր սառեցնի՝ թե մեր արփին չհեռանար»։
1009
Եվ կտրիճի հեռանալու լուրն ամևնքին վիշտ պատճառեց,
Թե ճոթ ծախող, մրգավաճառ, քաղաքացոց իրար խառնեց.
Նրանց ողբի ձայներն ամեն՝ նման էին ամպրոպներին,
Ասում էին. «Մտավ ա՜րևն, աչքերը մեր տա՛նք վշտերին»։