1034
Ո՛վ մարդ, ուժով մի՛ պարծենա, մի՛ պարծենա հարբածի պես,
Ուժը երբեք օգուտ չի տա, տիրոջ ուժը թե չօգնի քեզ,
Փոքրիկ կայծը հրդեհում է, մեծ ծառերին հաղթահարում—
Թե քեզ աստված է հովանի՝ փայտն էլ թրի պես է կտրում։
1035
Ավթանդիլը տեսավ այնտեղ նավի միջի գանձերը մեծ,
Նավը նավին մոտիկ տարավ, քարավանը ձայնեց-կանչեց,
Ելավ Ուսամն ուրախացած, ծիծաղում էր, էլ «ախ» չկար,
Գովերգեցին Ավթանդիլին՝ տեսած հրաշք դեպքի համար։
1036
Ավթանդիլին գովերգողաց հարկավոր էր հազար լեզու,
Բայց անկորղ եղան ասել՝ ինչպես էր մարտն իրեն սազում,
Քարավանը «Փառք քեզ աստվա՛ծ,— բարձր ձայնով բացականչեց,—
Մեր մութ գիշերն օր-լույս դարձավ, արևը մեզ շուքով պատեց»։
1037
Ամենքն եկան համբուրեցին՝ գլուխ, երես, ոտք ու ձեռներ.
Գովքի արժան այն չքնաղին շատ գովեստներ բերին նվեր,
Որին տեսնող իմաստունն իսկ կխենթանար հանց մի խելառ,—
«Դու փրկեցիր մեզ ամենիս, մեծ փորձության առաջն առար»։
1038
Պատասխանեց. «Փա՛ռք արարչին՝ ստեղծողին տիեզերքի.
Ում երկնային ուժերն այստեղ՝ ղեկավար են ամեն դեպքի,
Ինչ կատարվեց գաղտնի, հայտնի՝ նա է պատճառն ամեն ինչի.
Իմաստուններն ահա այդպես հավատում են վերահասի։
1039
Ձեր ամենիդ արյան թափելն այսօր աստվա՛ծ է խնայել,
Ես ի՞նչ եմ որ՝ հո՛ղ հասարակ, ես ինձանից բան չեմ արել։
Խոստումս ես կատարեցի ու ջնջեցի թշնամուն ձեր,
Եվ նավն ամբողջ իր ապրանքով առել ահա ես հանց նվեր»։
1040
Հաճո է շատ՝ կտրիճն արժան երբ հաջող է մարտն ավարտում,
Գերազանցում իր ընկերաց, նրա հետ են որոնք լինում։
Պիտի գովեն, օրհներգ ասեն, բայց՝ ամոթով իրանց զգան.
Նույնիսկ թեթև վերք ստանալ՝ քաջին այս է՛լ է սազական։
1041
Ու զննեցին նավը խլած, էլ չթողին վաղվան մնար,
Այստեղ եղած գանձերը մեծ անթիվ էին և անհամար.
Ապրանքը ողջ գերված նավից հանգիստ իրենց նավը տարան,
Նավն այրեցին, կոտրատեցին, տախտակի գինն հաշվի չառան։