Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1042 Ավթանդիլին Ուսամն հայտնեց քարավանի խոսքն ընդհանուր.
«Զգում ենք մեզ ամոթահար, քեզնով է մեր սիրտը ամուր,
Մեր գույքն ամբողջ քոնն է լրիվ, մեզնից ոչ ոք կասկած չունի,
Կամքդ գիտե, թե դրանից՝ մեզ ինչ բաժին պիտի հանի»։

1043 Ապսպրեց. «Ով եղբայրներ, փոքր ինչ առաջ ասի արդեն,
Տիրոջ հասավ արցունքն առատ, ձեր աչքերից հոսեց ինչ դեն,
Նա ձեզ պահեց, մինչ՝ ինչ եմ ես, մխ հատուցեք խեղճիս անձին.
Կամ ինչո՞ւ եք տալիս այդ ինձ, ինչիս է պետք, ես եմ, իմ՝ ձին։

1044 Թե ցանկություն ունենայի հավաքելու ես գանձեղեն,
Չէի թողնի գանձերն իմ ողջ, անգին կերպաս ու գորգեղեն.
Ինչի՞ս է պետք, ի՞նչ եմ անում, բայց թե միայն ձեզ կուղեկցեմ,
Մի ուրիշ տեղ կատարելու ես ավե՛լի մեծ գործ ունեմ։

1045 Այս անհամար գանձերն ամեն, որոնք այսօր ես ձեռք բերի,
Զիջում եմ ձեզ, ով ինչ կուզե, թող հետն առնի, չեմ արգելի,
Սակայն ունեմ մի ցանկություն—ուզում եմ ձեզ իոստովանեմ—
Գործիս համար ինձ թույլ տվեք, որ ես ձեր մեջ ծպտյալ լինեմ։

1046 Գլխավորը ձեր որ ես չեմ՝ մի տարածեք առժամանակ.
Չասեք որ ես զորական եմ, ասեք՝ ընկերն եմ ձեր ավագ.
Ես կփոխեմ զրահն հագիս, կձևանամ վաճառական,
Պահպանեցեք նամուսն իմ դուք՝ հանուն սիրո եղբայրական»։

1047 Ու քարավանն ուրախացավ, երբ նա լսեց այսպիսի բան.
Եկան, գլուխ տվին, ասին. «Մեր հույսն եք դուք և մեզ պաշտպան,
Ինչ որ պիտի մենք խնդրեինք՝ ինքներդ դուք մեզ եք խնդրում,
Կծառայենք նրան, ում մենք՝ իբրև արև ենք ընդունում»։

1048 Նրանք առանց հապաղելու—առաջ անցան, նավում էին,
Եղանակը հաջող էր շատ և հաճելի սահում էին,
Փարվում էին Ավթանդիլին, գովասանքներ հորինելով,
Նման նրա ատամների՝ մարգարիտներ նվիրելով։