1083
Գրեց նրան. «Ես կարդացի նամակը քո, գովքը գրած։
Դու կանխեցիր, զի ես քեզնից ավելի՛ եմ սիրով տարված.
Ուզում ես դու, ես էլ կուզեմ՝ քեզ հետ լինել միշտ, անընդհատ։
Մեր միացումն արդարացի, մեր՝ երկուսիս իղձերն է այդ»։
1084
Ես չեմ կարող պատմել ձեզ արդ, թե Ֆաթմանը ցնծաց ինչպես,
Նորից գրեց. «Բավական է, ինչ առանց քեզ լաց եղա ես։
Մենակ եմ ես տանը հիմա, ինձ կգտնես այս իրիկուն,
Մեր հանդիպումն արագ արա, մթնելուն պես՝ արի իմ տուն»։
1085
Նույն երեկո, երբ կտրիճին հրավիրման թուղթը բերին,
Մթան գնաց և հանդիպեց՝ ա՛յլ ծառայի ճանապարհին.
«Ֆաթման-խաթունն ասել է, որ՝ նա ազատ չէ այս իրիկուն»։
Կտրիճն ասաց. «Ի՞նչ բան է այս» ու նեղացավ, չեկա՛վ էլ տուն։
1086
Գնաց նորից, թեպետ արդեն հրավերը ետ էր առած,
Մռայլ նստած էր Ֆաթմանը, երբ կտրիճը կանգնեց դիմաց։
Որ անհանգիստ եղավ կինը՝ Ավթանդիլն այդ լավ նկատեց,
Բայց կինն ահից ու սիրելուց և ոչ մի կերպ չարտահայտեց։
1087
Ու նստեցին, համբուրվեցին, սկսեցին զրույց, կատակ,
Բայց մոտեցավ դռանն հանկարծ մի այլ կտրիճ գեղահասակ,
Ու նրա հետ մտավ ծառան՝ թուր և վահան ուներ ձեռին,
Նա շփոթվեց, ժայռի առավ, երբ նկատեց Ավթանդիլին։