Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1114 Պարտեզիս մեջ շենքեր կային՝ գեղեցկաշեն և անթերի,
Ծովին նայող և բարձրադիր, ամեն կողմից նկատելի.
Այնտեղ տարա խաթուններին, եկել էին որոնք ինձ մոտ.
Եվ մենք նորից սկսեցինք խնջո՛ւյքը մեր ուրախ, անհոգ։

1115 Հյուրասիրում ես այդ կանանց, ցնծում էի հյուրերիս հետ,
Բայց խմելիս իմ բերանից թռավ ինչ-որ խոսք անհեթեթ,
Ու ցրվեցին՝ ով կար ճաշի, խնջույքը մեր իր վերջն առավ,
Եվ մեն-մենակ ես մնացած՝ մրմուռ-թախիծ սրտիս իջավ։

1116 Ու լուսամուտն իմ դեմ բացած՝ նայում էի դիմաց ծովին
Եվ զովանում, նայում հեռուն, թախիծն հոգուս տալիս հովին,
Հեռվում փոքրիկ բան երևաց, որ լողում էր ծովի միջում.
Մտածեցի՝ ի՞նչ կլինի — կամ մի գազան և կամ թռչուն։

1117 Հեռու էր նա, չէի ջոկում, մոտիկ եկավ—նավ էր մի այդ.
Միջին կանգնած երկու հոգի՝ սև էր նրանց մարմին ու այտ.
Մեջերն առած մի երրորդի, ում գլուխը տեսա միայն,
Երփ ափն ելան՝ զարմանք պատեց—մի անսովոր պատկեր էր այն։

1118 Դուրս հանեցին նավն այդ ծովափ, դրին հենց մեր այգու դիմաց,
Դես նայեցին, դեն նայեցին՝ մարդ չի՞ տեսնում արդյոք նրանց.
Բայց կենդանի շունչ չտեսան, երկյուղ չազդեց նրանց ոչինչ,
Մինչ ես ծածուկ նայում էի, շունչս պահած, իմ տան միջից։

1119 Դուրս հանեցին նրանք նավից՝ տեսա ինչ որ մի տապանակ,
Երբ բաց արին — տապանակում մի աղջիկ էր գեղահասակ,
Գլխին գցած նա սև խավուն, հագին կանաչ զգեստ ուներ,
Երանի չէ՜ր արեգակին՝ եթե նրա նման լիներ։

1120 Աղջիկը երբ իմ կողմ դարձավ, նրա շողը դիպավ ժայռին,
Լալ այտերի փայլքը նրա լույս արձակեց երկին-երկրին.
Ու շլացան աչքերս իսկույն՝ արև էի կարծես դիտում.
Դուռն իմ կողմից ես ծածկեցի, երբ տեսա ինձ չեն նկատում։

1121 Սպասարկու իմ մարդկանցից ես կանչեցի չորս ճորտերի
Եվ ասացի. «Տեսեք՝ հինդերն ի՛նչ աղջիկ են առել գերի,
Գաղտագողի իջեք հանդարտ, առանց աղմուկ և մոտեցեք,
Թե կծախեն, ինչ գին ուզեն՝ մի վարանեք, վճարեցեք։