Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1122 Թե չծախեն՝ դուք չզիջեք, հարձակվեցեք ու կոտորեք,
Զգույշ եղեք, լավ գործեցեք, լուսինը այն ինձ մոտ բերեք»։
Ծառաներս գաղտագողի վերևից ցած կարծես թռան։
Սակարկեցին՝ չէին ծախում—սևերն էին անբավական։

1123 Նայում էի լուսամատից։ Երբ որ տեսա չծախեցին,
Ես կանչեցի. «Կոտորեցեք»։ Մերոնք նրանց գլխատեցին.
Շպրտեցին ծովը նրանց, պահպանեցին բայց աղջկան,
Ես դեմն ելա ծովի ափին, ինձ մոտ վերև տարա նրան։

1124 Ինչպես գովեմ նազանքը նուրբ, չքնաղագեղ տեսքը սիրուն,
Երդվում եմ ես՝ արև էր նա, արևն իզուր էր արևում.
Ո՞վ կհասնի նրա շուքին, ինչքան էլ նա դե՛մքն շպարի,
Թե կասկած կա՝ ասածիս մեջ—պատրաստ եմ՝ թող՝ հուրն ինձ վառի»։

1125 Երբ ավարտեց խոսքերն իր այս Ֆաթմանն իրեն դեմքին խփեց
Ավթանդիլի լացն էլ եկավ, աչքերից ջերմ արցունք թափեց.
Էլ մոռացան նրանք իրար և խենթացան ի սեր նրա,
Հեղեղներից նրանց աչքի թարմ ձյունն հալվեց գետնի վրա։

1126 Լացից հետո կտրիճն ասաց. «Շարունակիր խոսքդ դու այն»։
Ֆաթմանն ասաց. «Ընդունեցի, նվիրեցի սիրտս նրան
Ու ձեռ ու ոտն համբուրեցի՝ մինչև որ նա ձանձրույթ զգաց,
Թախտիս վրա բազմեցրի, ամուր-ամուր նորեն գրկած։

1127 Ասի. «Պատմիր ո՞վ ես, արև՛, և կամ զավակ դու ի՞նչ ցեղի,
Կամ որտեղի՞ց բերին խափշիկք քեզ՝ իշխողիդ յոթը աստղի»։
Բայց չհաճեց պատասխանել իմ բազմաթիվ հարցերին նա,
Նրա կաթած արտասուքից աղբյուր բխեց հարյուրակնյա։

1128 Ու հարցերից իմ ձանձրացած, դադրած ավել զրույցներով,
Նա հեկեկաց սրտի խորքից ինչ-որ մեղմ ու հանդարտ ձայնով.
Նարգիզներից բյուրեղ-լալին առատ-առատ հեղեղ իջավ,
Ես այրվեցի՝ տեսա երբ այդ, մոլորվեցի, սիրտս մեռավ։

1129 Ասաց. «Մայր ես դու ինձ համար, մայրն ավելի քան հարազատ,
Իմ պատմությունն ինչի՞դ է պետք՝ շատախոսին վայել հեքիաթ։
Պանդուխտ եմ ես հեռու տեղից, դարձած հլու իմ չար բախտին.
Հարցում անես թե դու ուրիշ — կզրպարտե՛ս դու արարչին»։