1130
Մտածեցի. «Լավ չի կանչել արեգակին ամեն մի ժամ,
Կանչողն ինքն է ուշք կորցնում և խենթանում նույնիսկ անգամ—
Աղերսանքով պիտի դիմել ու պատմելու հարմար ժամին.
Ինչո՞ւ սակայն, չհասկացա — ժամ չէր դիմել այս արևին։
1131
Վերև տարա արևշաղին, գովականին, գերգովելուն,
Երդում կանեմ իր կարոտով՝ հազիվ թաքցրի շողը սիրուն.
Խիտ բազմածալ կերպասներով վարագույրներ էի պատում,
Թարթիչներից փչում էր բուք, աչքից կարկուտ արցունք թափում:
1132
Իմ տուն տարա ևս արևին, այն իրանով չքնաղ նոճուն.
Հատուկ սենյակ պատրաստեցի ու պահեցի այնտեղ թաքուն,
Ես ոչ ոքի չասի, զգույշ, մեծ խնամքով էի պահում,
Լոկ ես էի գնում այցի, մեկ էլ խափշիկ մի ծառայում։
1133
Ինչպե՞ս պատմեմ, ավա՜ղ, նրա վարմունքը ես զարմանալի.
Օր ու գիշեր միշտ, անընդհատ լալիս էր նա, անդուլ լալի։
Խնդրում էի. «Հանգստացիր» — լսում էր ինձ մի ակնթարթ,
Առանց նրա, վա՛յ ինձ, ինչպե՞ս ես ապրեցի անհոգ, հանդարտ։
1134
Մտնում էի տեսնում իր դեմ՝ արտասուքի լեցուն գբեր.
Սև թանաքի խորքերի մեջ փայլում էին սաթի տեգեր,
Թանաքի սև լճակներից հեղեղատներ թափվում սաթի,
Մարջանների միջև փայլում երկու շարա՛ն մարգարիտի։
1135
Նրա անդուլ արտասվելուց ժամ չգտա, որ տամ հարցեր,
Գոնե ասեմ. «Ո՞վ ես, արև, ինչո՞ւ ես դու այդպես դարձել.
Բխում էր միշտ արյան առուն հալվեի չքնաղ ծառից,
Հողեղենը չէր դիմանա, թե սիրտն անգամ լիներ քարից։
1136
Նա չէր հագնում ո՛չ վերնաշոր, ոչ անկողնի մեջ էր պառկում—
Գլխին նա մի խավուն ուներ, մի ղաբաչա էր միշտ հագնում.
Եվ թևն էր նա բարձի տեղակ իր գլխի տակ դնում միայն,
Հազար ու մի աղերսանքով հազիվ էր նա ուտում մի բան։
1137
Ինչ՜ ղաբաչա խավուն ուներ — այլ քան պատմեմ տարօրինակ.
Տեսել եմ ես շատ թանկագին, հազվագյուտ ի՛ր ամեն տեսակ,
Բայց այդպիսի իր չեմ տեսել և ոչ նրանց նման կերտված.
Գործածի պես փափուկ էին, բայց պինդ էին ինչպես կոփված։