Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1427 Շնորհակալ Տարիելն եղավ խոսքով սիրուն, անուշ լեզվով,
Ասաց. «Արքա, ախորժեցի գլխավորը՝ ես քո տեսով.
Լիացրիր ապա՝ որ դու՝ պարգևներով բազմատեսակ.
Համոզվեցի, թե լավ արինք, որ ձեզանից հեռու չանցանք»։

1428 Եվ Ծովերի արքան ասաց. «Արքա, առյուծ, առաքինող,
Մերձավորին դու կենսատու, հեռավորին դու սպանող,
Չնաշխարհիկ և գեղեցիկ, ի՞նչ եմ տվել ես քեզ արժան,
Քեզնից հեռու՝ ի՞նչ կշահեմ, ո՞վ ինձ հրճվանք կտա այդքան»։

1429 Իսկ Ֆաթմանին Տարիելն ասաց. «Ես քեզ ծառա այսուց ի դեն,
Իմ քույրն ես դու, արածիդ դեմ՝ ես չեմ կարող տալ փոխարեն.
Ինչքան գանձեր գրաստներին Քաջաստանում բարձել եմ ես,
Վերցուր և տար, չեմ վաճառում, ինձնից նվեր լինի թող քեզ»։

1430 Ու խոնարհվեց Ֆաթման-խաթուն, շնորհակալ եղավ շատ մեծ,
Ասաց. «Արքա՛ քեզ տեսնելով՝ իմ մեջ անշեջ հուր բռնկեց.
Քեզնից հեռու ի՞նչ կլինեմ՝ խենթ եմ ինչպես մի լինելու,
Ախ, երանի ով մոտ է ձեզ, ու վայ՝ ով ձեզ չի տեսնելու»։

1431 Իսկ լուսատուք, իրենք երկու, թագավորին այսպես ասին,
Ատամները՝ շար բյուրեղի, սադաֆ-մարջան՝ առած շուրթին—
«Քեզնից հեռու մենք չենք հաճի ոչ խրախճաք, ոչ չանգ ու դափ,
Սակայն թույլ տուր մեզ մեկնելու, զի պարտ է մեզ մեկնել շտապ։

1432 Դու մեր ծնող վստահելի, հուսալի հայր ես մեզ համար,
Սակայն նավ տուր մեզ հանց շնորհ, խնդրում ենք քեզ խոնարհաբար»
Հրամայեց. «Չեմ խնայի գլուխս անգամ, որ դու թաղես,
Շտապում ես քանի որ դու—առաջնորդի՛ կուռդ թող քեզ»։

1433 Եվ պատրաստեց Ծովոց արքան առագաստով նավ ծովափին.
Տարիելը ճամփա ընկավ, ճամփորդները լալիս էին,
Գլուխ էին ծեծում նրանք, մորուք ու մազ էին պոկում,
Իսկ Ֆաթմանի արտասուքից՝ ջուրն էր ծովի է՛լ վարարում։

1434 Անցան ծովերն հոգեղբայրներն, երեք իրար հավատարիմ,
Հաստատելով խոստումը այն, որին արդեն հաստատ էին,
Երգ ու ծիծաղ վայել նրանց, և անգիտակ չէին դրան.
Վարդ շուրթերի շուքն էր փռվում նրանց բյուրեղ դեմքի վրան։