Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1435 Ու Տարիելն Ասմաթի մոտ մարդ ուղարկեց աղետաբեր,
Ֆրիդոնն էլ կռվի մասին՝ վզրուկներին ղրկեց լուրեր,
Թե՝ «Գալիս են արևն ու իր՝ լուսատուներն առած իր հետ.
Մինչև հիմա սառած էինք, բայց ջերմացանք մենք այսուհետ»։

1436 Արևն աոած պատգարակում՝ ծովի ափով էին գնում,
Աշխույժ կարծես հանց պատանիք՝ անցած վշտով՝ ուրախանում.
Ու երբ հերոս Ֆրիդոնի երկրին նրանք մոտիկացան—
Դիմավորում էին նրանց, երգ էր լսվում, նվագի ձայն։

1437 Հանդիսավոր ընդունեցին ավագանիք Ֆրիդոնի,
Իսկ Ասմաթը՝ բուժված բոլոր իր վերքերից և հրճվալի
Գուրգուրում էր Դարեջանին, համբույր հպում դեմքով դեմքին—
Արդ կատարվեց իղձը նրա՝ վաղուց-վաղուց հավատամքին։

1438 Դարեջանը նրան գրկած դեմքն էր ծածկում համբույրներով,
Ասում ապա. «Վայ ինձ՝ քեզ էլ՝ տանջեցի մեծ-մեծ ցավերով,
Այժմ աստված մեզ ողորմաց, առատ է նա մեր դեմ արդեն.
Եվ չգիտեմ՝ քո մեծ սրտին ի՞նչ հատուցում տամ փոխարեն»։

1439 Ասմաթն ասաց. «Փառք աստծուն՝ վարդն ինձ սառած ցույց չտվեց,
Խորհուրդները նա իր գաղտնի վերջումն այսպես հայտաբերեց,
Կյանք է թվում ինձ մահն հիմա՝ երբ քեզ տեսա ես խանդավառ»,—
Սերի լավն էլ հենց այն է, երբ՝ տերն ու ճորտն են սիրում իրար։

1440 Ավագանիք գլուխ տվին, գովեստներով եկան հանդես,
Ասում էին. «Աստվա՜ծ օրհնյալ, որ խնդություն տվեց արդ մեզ.
Դեմքերը ձեր մեզ ցույց տվեց, կրակը մեզ էլ չի այրում,
Իր պատճառած ծանր վերքերն ինքն է միայն ապաքինում»։

1441 Եվ մոտ եկան․ շրթունքներով նրանց ձեռներն համբուրեցին։
Ֆրիդոնն ասաց. «Եղբայրքն այն ձեր—ի սեր, ի մեզ վախճանվեցին,
Սակայն նրանք հանդերձյալում ուրախության արժանացան,
Հաղորդվեցին միակի հետ, փառք ստացան հարյուր քսան։

1442 Թեպետ նրանց մահը սրտիս ցավ պատճառեց, արի կական,
Սակայն նրանք արժանացան մեծ պարգևի անմահական»։
Այսպես ասաց, մեղմ լաց եղավ, անձրևը նա խառնեց ձյունին—
Բորեասից նարգիզն այրվեց, վարդ է սառչում թե հունվարին։