Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՈՐԸ ԿԱՏԱՐԵՑ ՖՐԻԴՈՆԸ

1449 Փեսայի և հարսի համար ճերմակ բուստի գահեր դրին,
Հիանալի զարդարանքով ու ակներով կարմիր, դեղին,
Ավթանդիլի համար դրին դեղինն ու սևն իրար հյուսած,
Ու բազմեցին. նայում էին՝ նրանց բոլոր սքանչացած։

1450 Եվ գուսաններ հավաքվեցին, երգ էր հնչում արդ քաղցրաձայն.
Ու հարսանիք կատարեցին, իսկ նվերներն՝ առատացան—
Ֆրիդոնի մոտ աղուհացով, հյուրընկալի այդ անձանձիր,
Ու ծիծաղն էր ատամնաբաց Նեստանին շատ վայելադիր։

1451 Ֆրիդոնից և շռայլուն անզուգական բերին նվեր —
Ճիշտ մեծությամբ սագի ձվի ինը խոշոր մարգարիտներ,
Բերին և ակն հույժ մեծագին, արեգակի պես շողշողուն,
Նրա լույսով նկարիչն իսկ կնկարեր մութ-խավարում։

1452 Եվ մանյակներ նա նվիրեց, որ կախեին իրենց վզից,
Ակներից էր կլոր տաշած, ամբողջական ու հակինթից.
Բերեց և մեծ մատուցարան՝ հազիվ էր մարդ բռնում ձեռին,
Առատաձեռ Ֆրիդոնից — նվեր առյուծ Ավթանդիլին։

1453 Ու նրա մեջ — լեփ ու լեցուն՝ մարգարիտներ խոշորագույն,
Ավթանդիլին նա նվիրվեց ամեն-ամեն խոսքով ներհուն,
Տունը լցվեց՝ կակուղ-քնքուշ կերպասներ ու օքսինոյով
Շնորհակալ եղավ ապա Տարիելը քաղցր խոսքով։