Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1454 Ֆրիդոնի մոտ հարսանիք էր, խինդ ու խնդում ամբողջ ութ օր.
Ու ամեն օր տալիս էր նա՝ նվեր և ճոխ և փառավոր,
Ձայնը չանգի, չաղանայի գիշեր-ցերեկ չուներ դադար —
Միացել էր չքնաղ զույգ մի՝ աղջիկ-տղա իրար հարմար։

1455 Տարիելը Նուրադինի հանդեպ սիրտը բացեց մի օր,
Ասաց. «Քո սիրտն ավելի է ինձ նվիրված, քան մի եղբոր,
Կյանք քեզ համար, մինչև անգամ՝ հոգին զոհել չէ բավական,
Վիրավորս ես մահացու, ձեզնից առա դեղ ու դարման։

1456 Ծանոթ ես դու Ավթանդիլի՝ ինձ նվիրած այն մեծ ջանքին,
Ուզում եմ ես հատուցանել գոնե մաս մի երախտիքին.
Ասա նրան՝ ի՞նչ կուզենա, թող բաց անի սիրտը իր քեզ.
Նա իմ սրտի քուրան մարեց, պիտի նույն բան անեմ և ես։

1457 Ասա. «Եղբայր, ես չեմ կարող տալ հատուցում քո մեծ ջանքի,
Աստված կտա ողորմությամբ իր երկնային մեծ բարիքի,
Չկատարեմ իղձդ թե ես, չհասցնեմ նպատակիդ—
Ես չեմ դառնա տուն իմ բնավ՝ ոչ ճոխ պալատ և ոչ խրճիթ։

1458 Ասա ուստի՝ ինչո՞վ օգնեմ, ես ի՞նչ անեմ քեզ դուրեկան,
Եկ, դու դարձիր ինձ առաջնորդ, ուղևորվենք Արաբստան,
Կարգ հաստատենք քաղցր խոսքով, պատերազմենք մենք միասին,
Չամուսնացնեմ թե քեզ այնտեղ՝ չեմ լինի և ես ամուսին»։

1459 Երբ Ֆրիդոնն Ավթանդիլին պատգամն ասաց Տարիելի,
Նա ծիծաղեց, սիրուն ժպտաց — ժպիտն իրեն՝ էլ նազելի,
«Ինչի՞ս է պետք,— ասաց,— օգնողն, ոչ ոք է ինձ տվել վնաս,
Ոչ արևիս քաջքն է տարել, և ոչ խինդ է նրան պակաս։

1460 Արեգակն իմ գահին բազմած՝ կամոքն աստծո կա փառավոր,
Ակնածելի, անխոցելի, հպարտ ու վես, անկախ, հզոր,
Ոչ քաջքերից երկյուղ ունի, ոչ կախարդից կախարդվելու,
Ի՞նչ օգնություն՝ երբ հարկ չկա, կարիք չունեմ ես կեղծելու։

1461 Երբ որոշի ճակատագիրն ու երկնային կամքը վերին,
Աստված ինքը թե ցանկանա՝ հասնի իմ սիրտն ուրախ օրին —
Կայցելի շողն արեգակի մահկանացվիս այն ժամանակ,
Մինչ այդ, սակայն, վազել դես-դեն՝ չունի ոչ միտք, ոչ նպատակ։