Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4 Երգենք Թամար արքայուհուն, լալով արյուն-արցունք առատ,
Նրան ձոնած երգըս՝ ընտիր, և ինձ թանաք լճերը սաթ,
Ու գրիչ ինձ՝ դողդոջն եղեգ, երգըս որպես սուրսայր մի խայթ
Թող լսողի սիրտը մեխվի, ճեղքե որպես տեգ մի պողպատ։

5 Պատվիրեց, որ գովեմ իրան երգով անուշ ու ոլորուն,
Իր հոնքն աղեղ, թարթիչը նետ, սաթ-վարսն ու լալն իր շուրթերում,
Ատամնաշարն իր գեղանի, բյուրեղներից[1] հյուսված սիրուն.
Չէ՞ որ արճին գնդանին էլ մուրճը կարծր քար է փշրում։

6 Արդ պետք է ինձ երգիս համար սիրտ և լեզու, արվեստ ճարտար,
Թող ուժ տա ինձ, նա՛ թող օգնե, իր ձեռքին է[2] միտք ու հանճար,
Այնժամ կօգնենք Տարիելին։ Հիշելու ենք[3] երեք պայծառ
Հսկա-հերոս միմյանց եղբայր, որպես գերի իրար խոնարհ...

7 Ում աչքերը չեն ցամաքում լալով ցավից դառն ու անճար,
Եկե՛ք, ում որ բախտ է ընկել Տարիելի բախտը դժվար.
Կընստեմ հեգ Ռուսթավելիս[4], կերգեմ խոցված ես չարաչար
Եվ ինչ որ ցարդ զրույց էր պարզ, պիտի դառնա մարգարտի շար։

8 Սիրահարը[5] պիտի լինի արևի պես չքնաղ ու վառ,
Առատաձեռն և ունևոր, ազատ դյուցազն ու զորավար,
Կռվում հաղթող, երկարամիտ[6], մտքով հարուստ, լեզվով ճարտար.
Ում լիովին չի տված այս — չի կարող լինել սիրահար։

9 Սերն է դյութիչ և սքանչելի, խորախորհուրդ է և դժվար
Չըպետք է նույն դասը դասել և ցանկասեր և սիրահար.
Սար ու ձոր կա երկուսի մեջ, տարածության օվկիան անծայր.
Լավ լսեցեք իմ խոսքը դուք և մի խառնեք դրանք իրար[7]...

10 Սիրահարը[7] շնացող չէ, նա հաստատ է, հավատարիմ,
Ախ է քաշում յարից բաժան և անդադար հիշում յարին,
Թեկուզ լինի խիստ ու դաժան, յարն է տերն իր, ինքը գերին.
Ի՞նչ են գգվանք, զրկանք, համբույր, երբ չկա սեր, սիրտ մտերիմ։

  1. Բյուրեղափայլ
  2. Ստորագծված է
  3. Ստորագծված է
  4. Րուսթավեցիս
  5. Ստորագծված է
  6. Համբերատար
  7. 7,0 7,1 Ստորագծված են