ֆակուլտետի հայ-վրացական բաժնի դասավորման ծրագրի մեջ, բայց ուսումնական ստեղծագործության ճյուղերից մի քանիսը, չնայած որ խճողված էին որոշ չափով անխուսափելի պեդանտիզմի և սքոլաստիկայի տարրերի հետ, անկասկածելիորեն գրավում էին նրա միտքը, և այն վարակումը, որ նա ստանում էր լսարանում դասախոսությունների ժամանակ ծավալվող գիտական կառուցումից, չէր անցնում նրա համար՝ որպես անցողակի, անհետ չքացող մի ապրում։ Լուրջ ոգևորությունը և բարձր գնահատումը ամենի, ինչին` շնորհիվ մայրենի կենցաղի և կուլտուրական միջավայրի հետ կապված լինելուն, հավան էր լինում Տերյանի ստեղծագործ սիրառատ սիրտը՝ այնքան հափշտակում էին նրան, որ նա դառնում էր բծախնդրության չափ բարեխիղճ մշակ ու համառությամբ կատարում էր սկզբնական գիտելիքների յուրացման տաղտկալի սև աշխատանքը, որ անհրաժեշտ էր գիտական ավելի բարձր նվաճումների համար: Այդօրինակ յուրաքանչյուր մի թափը, շնորհիվ բնատուր ձիրքերի, հնարավորություն էր տալիս նրան ամբողջապես, անթերի ձեռք բերել այն ամենը, ինչ նա բաց էր թողել ոչ–սիստեմատիկ, թերի պարապմունքների հետեվանքով, մինչդեռ ուրիշները նույն գիտելիքը կարողանում էին յուրացնել միմիայն ի վերջո երկարատև մեղվաջան աշխատանքի։ Շատ լավ միտս է, թե ինչպես մի անգամ Տերյանը փայլուն կերպով հանդես եկավ վրաց լեզվի ստուգական քննություններից մեկի ժամանակ։ Պետք է ասել, որ Տերյանը, երբ սկսեց ինձ ունկնդրել, սկսնակ ուսանող չէր, այլ վետերան, որ ավարտել էր Մոսկվայի համալսարանի պատմալեզվագիտական ֆակուլտետը և բացի այդ՝ Լազարյան ճեմարանի սան էր։ Նա ակնհայտ հետաքրքրությամբ ձեռք զարկեց վրացերենի ուսումնասիրությանը։ Վրաց լեզվի յուրահատուկ քերականության հուսադրող ապացույցներ տալուց հետո, շուտով, սակայն, Տերյանը սկսեց ընդհատումներով հաճախել դասախոսություններին։ Քրոնիկապես հիվանդ վիճակը նպաստեց այդ ընդհատումների սովորական դառնալուն։ Վերջապես Տերյանը երկար ժամանակ դադարեց համալսարան հաճախելուց, և այդ հիմունք տվեց ենթադրելու, որ իմ նոր ուսանողը լքեց։
Դա ամառային արձակուրդների նախօրյակին էր։ Արևելյան ֆակուլտետում տեղի էին ունենում քննություններ։ Վրացերենի ստուգական քննությանը անսպասելի և խիզախ հայտնվեց Տերյանը, որի երևան գալը շփոթեցրեց ինձ առավել այն պատճառով, որ նա իրավունք ուներ դեռ էլի մի տարի հետաձգելու իր այդ քննությունը։ Եվ սակայն նա եկավ և պահանջեց ստուգել իր գիտությունը՝ մի բան, որ՝ աչքի առաջ ունենալով ընդհատ պարապմունքները, նախագուշակում էր կատարյալ անհաջողություն։ Այդպես էր ինձ թվում։ Քննությունը, որին, սպասածիս հակառակ, քննվողը հանդես եկավ փայլուն հաղթանակող, վերածվեց երկարատև մի զրույցի, որից ես հանգեցի այն համոզմանը,