Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

140 Անջատվելը սիրեկանից առթեց նրան դառնալ խանդոտ,
Արտասո՛ւքը հանց մարգարիտ ցողեց վարդին է՛լ քնքշոտ։
Երբ լուսացավ՝ նա զարդարվեց՝ տեսնողները զմայլեցան,
Հեծավ իր ձին, գոտեպրկեց, պալատ գնաց հանդիսության։

141 Պալատ հղեց նա էջիբին— գնաց իրոք շորորալեն,
Հանձնարարեց ասել. «Արքա, հղացել եմ հանդգնորեն,
Որ քո թրով տիրում ես դու մեր աշխարհի ամեն մասին,
Արժե հիմա, թող իմանան և դրացի՛ք մեր այդ մասին։

142 Երթամ անցնեմ քո տիրության սահմանն ի վեր ու արշավեմ,
Գահ նստե՛լը Թինաթինի ձեր թշնամա՛ց ազդարարեմ.
Հնազանդին տանեմ ես խինդ և ըմբոստին՝ լաց ու կական,
Հղեմ նվեր քեզ շարունակ և ողջույններ հաճախական»

143 Շնորհակալ եղավ խորին դրա համար արքան նրան
Ասաց. «Առյուծ, գիտեմ քաջ ես, պատերազմում դու անվարան,
Արդ, խորհո՛ւրդը քո հղացած վայել է քեզ իրոք արի,
Դե, ինչ արած, գնա՝ թեկուզ՝ բաժանումը քո երկարի»։

144 Ու կտրիճը մտավ պալատ, գլուխ տվեց՝ շնորհակալ.
«Արժանի չեմ այդ գովեստին, որ դուք արիք, ով տիրակալ,
Գուցե խավարն իմ անջատման լուսավորի աստված նորից
Եվ ինձ նորից արժանացնի ուրախ տեսքին թագավորիս»։

145 Արքան գրկեց ու համբուրեց ինչպես որդուն՝ հայր երջանիկ,
Նրան նման այլ չի եղել, ոչ սնուցող ու ոչ սանիկ։
Կտրիճն ելավ ու դուրս գնաց, հրաժեշտի օրն էր տրտում—
Արքան նրա համար լացեց՝ սրտով փափուկ և իմաստուն։

146 ճամփա՛ ընկավ Ավթանդիլը, կտրիճը քաջ, հպարտընթաց,
Անցավ քսան օր ու գիշեր և գիշե՛րն իսկ առաջ խաղաց.
Նա՝ այն խնդո՛ւմը աշխարհի, նա՝ գանձը և պարտքը նրա՝
Չէր հեռանում նրա աչքից, նա՝ ում բոցով այրվում էր նա։

147 Ցնծում եղավ հան ու հանուր, երբ նա հասավ իր տիրույթին,
Դիդեբուլներն աոաջ եկան, անթիվ նվեր նվիրեցին,
Սակայն կտրիճն արեգներես չէր հապաղում իր ընթացքից,
Իսկ անդ եկած մարդիկ ուրախ, ուրախ էին ու ցնծալից։