Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

148 Սահմանի մոտ ուներ քաղաք մի անառիկ և ահռելի,
Շուրջը պարիսպ ապառաժյա, առանց քարի, առանց կրի,
Այնտեղ մնաց երեք օրով—ուրախ՝ որսով էր զբաղված։
Եվ խորհրդի կանչեց իր մոտ Շերմադինին իր խնամած։

149 «Ամաչում եմ,— ասաց նրան,— ես քեզանից, իմ Շերմադին,
Գիտակ ես դու իմ գործերին և ուշադիր ամեն բանին,
Բայց չգիտես մինչև հիմա ինչքան արցո՛ւնք եմ հեղեղել,
Բայց ինձ տանջո՛ղն է իմ արդեն ուրախության առիթն եղել։

150 Հալվո՛ւմ եմ ես Թինաթինի ուժգին սիրով ու կարոտով.
Ու ցողվում է վարդը թոռոմ նարգիսների հորդ արցունքով,
Ես իմ սրտի ցավը թաքուն մինչև այսօր չէի բացել.
Հիմա նա հո՛ւյս ինձ ներշնչեց, այդ առթիվ եմ ուրախացել։

151 Հրամայեց. «Գնա, պարզիր, թե ով էր այն կտրիճն օտար,
Երբ ետ դառնաս, քո փափագին հագուրդ կտամ լիակատար.
Քեզնից բացի այլ չեմ ուզի, թեկուզ դրախտի նա ծառ լինի»
Ցարդ դադարգուն իմ հեգ սրտին դրեց բուժիչ սպեղանի։

152 Նախ՝ ծառա եմ, կուզեմ գնալ՝ ես իմ տիրոջ ծառայելու.
Հավատարիմ թագավորաց՝ ծառան ծառա է լինելու,
Երկրորդ՝ սրտիս հուրը մարեց, էլ չի այրում նա անդադար.
Պետք չէ գիջել փորձանքներին, այլ դեմ գնալ հերոսաբար։

153 Ամեն տեր ու ծառաներից՝ մենք՝ ես ու դու ենք սիրելիք,
Ուստի լսիր խնդիրքս այս՝ ինչ ես ունեմ քեզ ասելիք.
Կարգում եմ քեզ ի՛մ փոխարեն իշխան ու պետ իմ բանակին,
Այս գործը ես չեմ վստահում՝ քեզնից բացի ուրիշ մեկին։

154 Իմ զորքերին, ավագներին, պիտի մարզես, աոաջնորդես,
Հաճախ պալատ մարդ ուղարկես ու գործերին տեղյակ լինես,
Գրես նամակ իմ փոխարեն՝ նվերներով առատագին,
Որ հեռանա՛լն իմ այստեղից բնավ չզգա նրանց հոգին։

155 Ինձ նմանվիր արշավանքում, որսախաղում նույնը եղիր,
Սպասումով երեք տարի՝ գաղտնիքը իմ ամուր պահիր
Գուցե նորից վերադառնամ և իմ հալվեն մնա դալար,
Իսկ թե չգամ՝ լացիր վրաս ու սուգ արա վշտագալար։