204
Զուգել էին վարդին կոկոն բյուրեղ ու լալ անապական.
Երբ մեզ տեսավ՝ մտքերն անուշ՝ փոխեց իսկույն մեր դեմ ցասման
Ու չընդունեց, չասաց նստեք, ո՛չ համարեց մեր երեքին,
Իր մտրակո՛վ հասու ածեց՝ զուր հանդգնած մեզ պես խակին։
205
Առաջ անցավ կրտսերը մեր, ետ մնացինք մենք երկուսով,
Ձեռը պարզեց «Կանգնիր» ասաց,— այս հանդգնեց միայն լեզվով,
Կտրիճը որ սուր չշարժեց՝ եղբայրներով ապահովցանք,
Մտրակ քաշեց սրա գլխին՝ գլխից հոսող արյուն տեսանք։
206
Իր մտրակի մեկ հարվածով գլուխն այնպես նա պատառեց,
Որ տրորեց որպես փոշի, որպես անհույս դիակ՝ փռեց,
Հողին արեց նա հավասար, իր դեմ անմիտ խիզախողին,
Մեկնեց ապա աչքի առաջ՝ դեմքով մռայլ, հպարտ կրկին։
207
էլ չդարձավ, գնաց հանգիստ, շտապելու գնաց առանց,
Նայիր, ահա, գնում է նա՝ ինչպես արև, լուսին մի հանց»։
Եվ ցույց տվին լացակումած՝ հեռու-հեռվում Ավթանդիլին,
Քիչ նշմարվո՛ղ նժո՛ւյգը սև, կտրիճն՝ արև նրա մեջքին։
208
Ձյունել այտերն արտասուքով՝ Ավթանդիլի՛ն էլ հարկ չկար,
Իզուր չանցան որովհետև թափառումներն իրա երկար.
Երբ հասնում է մարդ փափագին, գտնում փնտրած՛ը բաղձալի,
Կարիք չունի այլև հիշել նեղություններն իր անցյալի։
209
Ասաց նրանց. «Ով եղբայրներ, պանդուխտ եմ ես, աստանդական,
Այդ կտրիճին որոնելու՝ հայրենիքից եղա տեղհան,
Ձեր շնորհիվ ես արդ հասա անելիքիս դժվար այնքան,
Աստված հեռու պահե առմիշտ թող ձեզ վշտից դժբախտության
210
Ինչպես որ ես փափագս առա, իմ որոնածն արդեն գտա,
Այնպես և ձեր եղբոր ցավին, հիվանդությա՛ն թող վերջը գա»։
Նրանց հարմար տեղ ցույց տալով՝ ասաց. «Զգույշ, այն կողմ տարեք
Այն ստվերում նրան մի քիչ, ինչպես և ձեզ, հանգիստ տվեք»։
211
Այսպես խոսեց և իր նժո՛ւյգն ասպանդակեց սպառազեն.
Սուրաց նժույգն ու սլացավ, ինչպես թոկից պոկված բազեն
Եվ կամ լուսի՛ն, որ վազում է լույսի հետքո՛վն արեգակի.—
Հո՛վ էր գալիս հետզհետե նրա սրտի վառ կրակին։