212
Հասնում էր նա և մտածում՝ ինչպե՞ս նրան արդ մերձենա.
«Անզգույշ խո՛սք ու զրույցից խենթն ավելի՛ կխենթանա։
Պիտի փնտրե խելոքը միշտ անհնարի համար հնար
Ու սառնասիրտ պիտի լինի, խելագարից չվախենա:
213
Նա խելագա՛ր է քանի որ և գազազած ու վայրենի՝
Նա ոչ ոքի մոտ չի թողնում՝ հետը խոսի, նրան տեսնի,
Թե հանդիպենք երես-երես, իրար զարկել մենք կսկսենք.
Կամ նա պետք է ինձ սպանի, կամ ես նրան, և զուր կորչենք»։
214
Եվ Ավթանդիլն այս էր ասում. «Ջանքս ինչո՞ւ անցնի ունայն.
Չկա՛ էակ մի այնպիսի, որ իր բո՛ւյնը նա չունենա.
Ուր էլ գնա, ես կհասնեմ, ամեն արգելք կարհամարհեմ,
Մինչև վերջի՛ն ուժերս ես նրան այսպես կհետևեմ»։
215
Երկու գիշեր, երկու ցերեկ՝ երբե՛մն ետ, երբե՛մն առաջ,
Թափառեցին առանց հանգիստ, հաց, կերակուր, բերան չառած.
Ո՛չ մի րոպե և ո՛չ մի տեղ անգամ նրանք չկանգնեցին.
Եվ արցունքներն այն երկուսի դաշտերն ամեն ոռոգեցին։
216
Այսպես մի օր, երեկոյան, երևացին հսկա ժայռեր,
Ժայռերի տակ հոսում էր գետ ու ժայռերում կային այրեր,
Գետի ափին, պատմելու չէ, շամբ էր անա՛նց ու անկածան,
Հսկա ծառեր՝ աչք չկտրող, վերձիգ՝ անհաս ժայռը որքան։
217
Կտրիճն անցավ ժայռեր ու գետ, ուղևորվեց դեպի այրեր,
Իսկ Ավթանդի՛լն իջավ ձիուց ու որոնեց բարձր ծառեր։
Ձին ծառի տակ կապեց ու ծա՛ռն ելավ՝ աչքով որոնելով.
Տեսավ՝ ինչպես կտրիճը այն գնում էր՝ դա՛ռն արտասվելով։
218
Երբ ծառաստան կտրեց անցավ կտրիճը այն ընձու մորթով,
Այրի մուտքին դիմավորեց նրան մի կին սև ջուբայով,
Որ սկսեց լալ բարձրաձայն ու ծովի չափ արցունք թափեց,
Կտրիճը վա՛ր իջավ ձիուց, կնոջ վզին նա փաթաթվեց:
219
Կտրիճն ասաց. «Քո՛ւյր իմ Ասմաթ, կամուրջներս ծովը անկան,
Ում համար մենք այրվեցինք՝ չկարացի՛նք հասնել նրան»։
Այս ասելով՝ խփեց կրծքին, հորդ արտասուք էր նա թափում,
Երբ կինն ուշքից գնաց՝ գրկեց, իրար արյուն էին սրբում։