Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

220 Գլխից պոկած նրանց ծամով խիտ սաղարթներն է՛լ խտացան,
Գրկել էին՝ իրար ամոք՝ տղան կնոջ, կինը՝ նրան.
Ողբում էին, անում կական, ժայռը թնդում արձագանքից,
Իսկ Ավթանդի՛լն ապշել էր ճիշտ՝ աչոք տեսած այդ վարմունքից։

221 Դադար տվեց կինն իր վշտին, զսպեց ցավը սիրտը հեծող,
Նժույգը նե՛րս տարավ նա այր, թամբ ու պախուրց հանեց մի կող,
Եվ կտրիճից հանեց հագի զենք ու զրահ՝ կապած գոտուն,
Ու նե՛րս մտան խորքը այրի՝ դուրս չգալով այդ օրն ի բուն։

222 Եվ միտո՛ւմ էր Ավթանդիլը. «Ինչպե՞ս հասնեմ այդ գաղտնիքին»,
Երբ լուսացավ՝ ելավ այրից կինը նորեն՝ սև շոր հագին,
Ձիուն դրեց կզակակալ, պոչով սրբեց իր խավունի,
Կազմեց, բերեց զրահ ու զեն՝ առանց աղմուկ ու շշունի։

223 Սովորությունն էր կտրիճի՝ տանը երկար նա չէր նստում։
Կինը լալիս, կուրծքը ծեծում ու վարսերն էր խուրձ-խուրձ պոկում։
Նորից իրար վզով ընկան, նա համբուրեց ու ձին հեծավ,
Եվ Ասմաթը հո՛ւյժ տխրահեծ՝ է՛լ ավելի տխուր դարձավ։

224 Ավթանդիլը տեսավ մոտից կրկին դեմքը այդ մարդկային.
Բեղերը թավ, առանց մորուք, ասաց. «Արև՞ է երկնային»։
Քամին բերեց հալվեի բույր՝ այդ նրա բույրն էր խնկածին,
Այնպե՛ս կընկճեր նա առյուծին, ինչպես առյո՛ւծն ինքը՝ այծին:

225 Գնաց նորից նա այն ճամփով, որ երեկ է՛լ անցել էր հենց,
Անցավ շամբուտն ու հեռացավ, ապա դաշտի կողմը դիմեց։
Ու նայում էր Ավթանդիլը՝ թաքուն ծառի ետևն անցած,
Ասում. «Անչափ հաջող արեց այս իրադեպն ի զիս աստված։

226 Սրանից էլ hարմար առիթ ես աստծուց էլ ի՞նչ ուզեմ,
Բռնեմ կնոջ և ստիպիվ՝ նրա մասին պատմել հարկեմ.
Իմն է՛լ ասեմ ես ամենայն, ինչ արդար է՝ նրան բանամ,
Սուր չքաշե՛մ այդ կտրիճին, ոչ էլ ի՛նքս սուր ստանամ»։