ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ՆԱ ԻՆՉ ԽՈՍԵՑ ԱՍՄԱԹԻ ՀԵՏ ԱՅՐԻ ՄԵՋ
227
Իջավ ծառից և արձակեց նժույգը իր ծառից կապած.
Հեծավ, այնտեղ ուղևորվեց, տեսավ՝ այրի դռները բաց,
Անդուստ կինը ելավ այրից, հուզված սրտով, արտասվաթոր,
Կարծում էր, թե վերադարձա՛վ վարդերե՛սը բյուրեղավոր։
228
Չճանաչեց. սա իր տեսքով չէր նմանում այն կտրիճին,
Ետ թռավ ու ճչաց ամուր՝ դիմեց ծառին, ապառաժին.
Ինչպես թակարդ մի կաքավին, կտրիճն իջավ, բռնեց նրան,
ժայռե՛րն էին արձագանքում կնոջ ձայնին՝ ձայնով ինքյան։
229
Կինն անձնատուր չեղավ նրան, նայելն իսկ պի՛ղծ էր համարում
Ու թփրտում ինչպես կաքավ՝ արծվի հզոր մագիլներում,
Ինչ որ մեկին՝ Տարիելին, օգնության էր կանչում իզուր,
Մինչ աղերսո՛ւմ էր Ավթանդիլ՝ պարզած ձեռքով իջած ծունր։
230
Ասում. «Հոգի, քեզ ի՞նչ արի, ես էլ մարդ եմ, ադամորդի,—
Մանուշակներ տեսա անգույն, դալուկ տեսա գույնը վարդի,
Ով լինելը նրա պատմիր, նոճեհասակն ո՞վ է, ասա՛,
Բան չե՛մ ուզում քեզնից ուրիշ, մի վախեցիր, զուր մի գոռա»։
231
Ասում էր կի՛նն արտասվելով, հայցն էր նրա ինչպես վճիռ,
«Խելքի՛ արի՝ եթե խենթ ես, թե որ խենթ չես՝ ինձ արձակիր։
Պահանջում ես քեզ հեշտ պատմել—ինչ դժվար է ու անգնի,
Չե՛ս տիրելու դու գաղտնիքին — զուր ժամանակ դու մի՛ վատնի»։