272
Աստված մի այլ իմ աստղի մարդ դեռ ոչ մի տեղ չի ստեղծել.
Փափագեի որի հետ ես մոտիկ լինել և զրուցել,
Ո՞վ իմ վշտին կդիմանա, կիսի փորձանքն իմ կրածի.
Չեմ ճանաչում, քույր իմ, ուրի՜շ ես հողեղեն քեզնից բացի»։
273
Եվ կինն ասաց. «Չբարկանաս—պաղատում եմ քեզ երկյուղած,
Քանի որ ի՜նձ է քեզ համար խորհրդակի՜ց թողել աստված,
Չեմ թաքցնի, լավը քեզնից՝ մտածել եմ ինչ իրական._
Չի կարելի չափից անցնել, անցել ես դու չափ ու սահման։
274
Կտրիճն ասաց. «Ի՞նչ ես ուզում, դու պարզ ասա, ես չգիտեմ,
Առանց աստված՝ ինձ ծառայող մարդ մի ինչպե՞ս ես ըստեղծեմ.
Աստված ուզեց՝ դժբախտանամ—ելք որոնել էլ ի՞նչ ջանամ,
Վայրի դարձա ես գրեթե և այս օրին եղա խնամ»։
275
Կինը կրկին շարունակեց. «Ես ավելորդ շատ խոսեցի,
Իսկ եթե մարդ քեզ մոտ բերեմ, որ իր կամքով քեզ ուղեկցի,
Խոստումներո՜վ հրճվես նրա, քեզ մոտ մնա, քեզ մոտ լինի,
Երդվիր, որ դու ոչ մի վնաս չես տա նրան, չես սպանի»։
276
Կտրիճն ասաց. «Թե ցույց կտաս՝ տեսնեմ ու շատ կուրախանամ,
Երդվո՜ւմ եմ նրա սիրով, խենթ եմ որին, աստանդական,
Չեմ վշտացնի նրան երբեք, տհաճ ոչինչ անելու չեմ,
Ինչ կուզենա ինձնից հաճո՝ հաճո կանեմ ու կսիրեմ»։