277
Կինը ելավ, գնաց ապա՝ այն կտրիճին բերի օտար,
«Չվշտացավ,— հայտնեց նրան,— համաձայնեց սիրահոժար»,
Ու բերում էր ձեռքից բռնած, որպես լուսնի՝ լույս պսակով
Տարիելը տեսավ՝ իսկո՛ւյն համեմատեց արեգակով։
278
Դիմավորեց ապա նրան—երկու արև՝ երկուսն իրար,
Եվ կամ անամպ երկնի լուսին, շուքով լուսող հովիտն ի վար,
Հալվեն անգամ նրանց դիմաց՝ սովորական ծառ էր նսեմ,
Երկուսն ինչպես յոթ մոլորակ — ուրիշ ինչո՞վ համեմատեմ։
279
Նրանք իրար համբուրեցին, չքաշվեցին՝ թեպետ օտար,
Շրթունքներից նորբաց վարդի ճերմակ ցոլաց ատամնաշար,
Փաթաթվեցին վզին իրար, արտասվեցին իրար կրծքին.
Հակինթը սաթ դարձավ նրանց, արժեր թեկուզ լալ մեծագին։
280
Կտրիճն ապա Ավթանդիլի՛ն դարձավ, ձեռքը տվեց ձեռքին,
Քով ի քովի նստան իրար, ջերմ արցունքով երկար լացին,
Իսկ Ասմաթը սիրտ էր տալիս հրաշալի՛ իրոք խոսքով.
«Մի կոտորվեք և արևին՝ մի խավարեք ձեր խավարով»։
281
Եղյամ ուներ, բայց չէր սառել Տարիելի վարդը տակավ,
Կտրիճին թե. «Չեմ համբերում, պատմիր ինձ շուտ գաղտնիք ու ցավ,
Որտեղի՞ց ես եկել, ո՞վ ես, որտեղացի՞, ինչո՞ւ եկած,
Մոռացել է ինձ մահն անգամ, ես՝ նրանից անգամ մերժված»։