393
Հասավ ժամը վերադարձի, Չին-Մաչինից մարդիկ եկան,
Խոսքեր էին հանձնարարել—հանդուգն շատ, ամբարտավան.
«Ոչ էլ մենք ենք ինչ որ վախկոտ, մենք էլ ունենք ամուր բերդեր,
Ո՞վ է արդյոք այդ ձեր արքան, ով է կարգել նրան մեզ տեր»։
394
Դրոշմել էր. «Քեզ եմ գրում, Տարիելիդ, Ռամազ արքաս։
Շատ զարմացա՝ ինչ էր գրած քո նամակում ինձ ուղարկած.
Ինչպե՞ս դու ինձ անդ կանչեցիր, ո՞րս ենք տիրում ազգ անքանակ,
Էլ չտեսնեմ ես այսուհետ քեզնից եկած ուրիշ նամակ»։
395
Առաքեցի ես մարզպանին—զորք հավաքել անմիջապես,
Հնդկաստանից նա հավաքեց զորք անհամար՝ աստղերի պես,
Հեռուներից և մոտերից ինձ մոտ եկան ամենն շտապ,
Լցվել էին զորքով ամբողջ սար ու կապան, հովիտ ու տափ։
396
Եվ տանն առանց ուշանալու արագընթաց ամենքն եկան,
Ես զորատես կատարեցի—դիտեցին կա՛րն իմ մարտական,
Ճարպիկություն ու պնդություն, սպառազեն զորաց վրա,
Նժույգների արագություն, խորեզմական զենքն ու զրահ։
397
Ու պարզեցի արքայական դրոշ կարմիր—սև նշանակ,
Ասի առտուն կարգի բերեն, պատրաստ լինի զորքն անքանակ,
Ես իմ գլուխն էի լալիս և դժգոհում բախտից տարտամ,—
«Թե չտեսնեմ իմ արևին, ինչպե՛ս, ինչպե՞ս պիտի գնամ»։