Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

461 Գերի առած Ռամազ-խանին նրա առաջ տարա ցույցի,
Արքան նրան նայեց մեղմով՝ ինչպես մանկան օրորոցի.
Ու դավաճան կեղծավորին՝ ասի որպես արժանավոր,
Մեծահոգին այս է քաջի, դրանով է նա մեծավոր։

462 Արքան պատվեց, հյուրասիրեց Չին–Մաչինի թագավորին,
Ապա նրանք՝ արքայավար երկար-երկար զրույց արին.
Արշալույսին կանչեց, ապա դիմեց խոսքով ինձ գթության.
«Մենք չներե՞նք Չին-Մաչինին, ցայսօր մինչ կար թշնամություն»։

463 Ու ես ասի. «Աստված քանզի գթում է միշտ մեղավորին,
Դուք էլ նույնպես ողորմացեք այս ուժազուրկ թագավորին»։
Ռամազին թե. «Գիտցիր ահա, քեզ կուղարկեմ հիմա ներված,
Սակայն երբեք էլ չտեսնեմ քեզ մեր առաջ մեղսավորված»։

464 Հարկ սահմանեց նրանց հանդեպ՝ դրահկանով տասը հազար,
Նորից հազար խաթայական, էլ զառնավախտ, աթլաս, էլ զար,
Ապա խանին, վզրուկներին ճոխ հանդերձանք նա նվիրեց
Եվ փոխանակ իր բարկության՝ նա ողորմած ճամփա դրեց։

465 Չին-մաչինցին շնորհակալ խոնարհվելով երկրպագեց,
«Նենգությունս,— ասաց,— ձեր դեմ, աստված ահա զղջալ տվեց,
Ուրիշ անգամ թե մեղանչեմ՝ զրկիր ապա այնժամ կյանքից»,
Գնաց ինքը, իր հետ նաև՝ տարավ մարդկանց իր բախտակից։

466 Վաղ առավոտ, արշալույսին արքայի մարդն եկավ ինձ մոտ,
Ասել էր թե. «Երե՛ք ամիս, ինչ բաժան ենք ու քեզ կարոտ
Չեմ ճաշակել համը որսի՝ որսատեղում նետով զարկած
Թեպետ և ժամն է հանգստի, բայց դու արի, թե չես հոգնած»։

467 Պատրաստ արդեն՝ պալատ հասա, քերծեների տեսա ոհմակ,
Իսկ պալատի բակն էր լեցուն բազեներով մեծաքանակ,
Կազմ էր արքան ու ծալապատ՝ նստած շուքով նա արևի,
Ուրախացան, երբ ինձ տեսան՝ գեղ-դուրեկան ես ամենի։

468 Ծածուկ ասաց նա թագուհուն, սակայն այնպես, որ չիմանամ.
«Կռվից դարձած Տարիելին նայելն իրո՛ք է դուրեկան,
Լույս է տալիս նա նայողին՝ սիրտը ինչքան լինի մթնած,
Ինչ որ խնդրեմ ես քեզ անել, արա՛, եղի՛ր դու բարեհաճ։