Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները։ Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձևով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք։
4.1.2. Կրթաիրավական նորմի կառուցվածը
Կրթաիրավական նորմը. պետական իշխանությամբ միջնորդավորված և երաշխավորված իշխանական համապարտադիր և ֆորմալ ձևով սահմանված թելադրանք է՝ հրահանգի կամ հանձնարարականի (կանոնի) տեսքով, որը հանդիսանալով իրավունքի՝ որպես սոցիալական կարգավորիչի ելակետային օղակ՝ ուղղված է որոշակի տեսակի, ձևի և տիպի կրթական հարաբերությունների կարգավորմանը։ Կրթության ոլորտում նման սահմանումը կիրառելի է միայն այնքանով, որքանով որ կրթական հարաբերությունները ենթակա են հատկապես իրավական կարգավորման։
Կրթաիրավական նորմը վարքագծի համապարտադիր կանոն է, որը տվյալ կրթական հարաբերություններին օժտում է իրավունքներով և պարտականություններով։ Այդ նորմի պահանջները չկատարելը հանգեցնում է պետական հարկադրանքի միջոցների կիրառման, կարգապահական, վարչական, քրեական, դաստիարակչական և հասարակական պարսավանքի ձևերով։
Կրթաիրավական նորմերն արտացոլվում են /ձևակերպվում են/ կրթության մասին օրենքների հոդվածներում։ Կրթական օրենքների ցանկացած հոդված կրթաիրավական նորմի արտահայտման միակ ձևն է։ Կրթաիրավական նորմը և կրթության մասին որևէ օրենքի հոդվածը կարող են իրար հետ գտնվել տարբեր փոխհարաբերությունների մեջ։ Մասնավորապես՝ կրթաիրավական նորմը կարող է ձևակերպվել մեկ հոդվածում՝ օրինակ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ը սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականությունը։ Կամ կարող է ձևակերպվել մի քանի հոդվածներում, օրինակ՝ կրթության սուբյեկտների իրավասությունները /հոդված 13/, ուսումնական հաստատությունների տիպերը, պետական ուսումնական հաստատության իրավաբանական անձի կարգավիճակը /հոդված 27/, սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը /հոդված 49/, ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները /հոդված 50/ և այլն։
Իրավունքի ընդհանուր տեսության մեջ ընդունված է առանձնացնել իրավունքի նորմի երեք տեսակ՝ հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա։ Պետք է նշել, որ կրթաիրավական ոչ մի նորմ չունի այսպիսի եռանդամ կառուցվածք։ Ընդհանուր մասի բոլոր նորմերը, որոնք բացահայտում են կրթական իրավունքի ընդհանուր հասկացությունները, սկզբունքները, խնդիրները հռչակող և բնորոշում տվող նորմեր են։ Դրանք չունեն սանկցիա և որպես կանոն՝ նաև հիպոթեզ։ Ի տարբերություն քրեական իրավունքի հատուկ մասի, կրթության իրավունքի հատուկ մասի նորմերը ևս, որպես կանոն, չունեն սանկցիա։
Կրթաիրավական նորմի կառուցվածքային այն մասը, որտեղ նկարագրվում է կրթության որևէ հիմնահարցի սահմանում և տրվում են հատկանիշները, կոչվում է դիսպոզիցիա։
Արդեն նշվեց, որ կրթական հարաբերությունները նաև համալիր ինստիտուտներ կազմող հարաբերություններ են՝ իրենց մեջ ներառելով վարչական, աշխատանքային, գույքային, մանկավարժական և այլ հարաբերություններ։ Հենց այս հանգամանքն էլ պայմանավորում է կրթական իրավունքի՝ որպես իրավական բնագավառի համալիր ինստիտուտների բնույթը։
Այս առումով կրթական իրավունքի նորմը, որպես կրթական իրավունքի «մոլեկուլ», նույնպես իր առանձնահատկություններն ունի։
Առաջին, «կրթաիրավական նորմ» եզրույթն ինքնին ունի իր սեփական կրթաիրավական հարաբերությունները, որոնք որևէ կերպ չեն առնչվում իրավունքի մյուս ճյուղերի հետ, այսինքն՝ ունեն