Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պայմանագրի բովանդակությունը, ժամկետները, ուսումնառության ձևերը, ուսումնառության ընթացքամ և դրա ավարտից հետո սովորողների իրավունքներն ու պարտավորությունները։ Օրենսդրությունը կազմակերպության վրա է դնում անձի մասնագիտացման, որակավորման ուսուցման պարտավորություն, որը նախատեսված է պայմանագրով։ Միաժամանակ ամեն կազմակերպություն իրավասու չէ կրթական գործունեություն իրականացնելու համար կնքել ուսումնառության պայմանագիր։

Նախնական մասնագիտական կրթության ծրագրերով կրթական գործունեության իրականացման համար կազմակերպությունը պետք է ունենա հատուկ կրթական ենթաբաժին և կրթական գործընթացի կազմակերպման և որակյալ կրթության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ։ Կրթական գործունեության իրականացման լիցենզիայի ստացման կարգը որոշվում է կրթության մասին օրենսդրությամբ։ Այն նաև սահմանում է ուսումնառության պայմանագրի մասնակիցների ուսումնառության, ատեստավորման և կրթության մասին փաստաթղթի ստացման ընթացքում կողմերի իրավունքների և պարտավորությունների իրականացման կարգերը, որոնք սահմանված են աշխատանքային իրավունքի նորմերով։

Այսպիսով, ուսումնառության պայմանագրի ինստիտուտի համալիր բնույթը, նրա սերտ կապը կրթական իրավունքի նորմերի հետ անհրաժեշտ պայման են աշխատանք փնտրող անձի կամ կազմակերպության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման, սկզբնական մասնագիտական կրթության ստացման համար։

Աշխատանքային իրավունքի համակարգում գոյություն ունի աշխատակիցների մասնագիտական պատրաստման և որակավորման բարձրացման համալիր ինստիտուտ։ Այդ ինստիտուտի բովանդակությունն ու գործունեությունը զգալիորեն համընկնում են վարչական իրավունքի համանման ինստիտուտների հետ, սակայն նույնական չեն նրա հետ։ Այդ ինստիտուտները նախատեսում են տարբեր իրավական կարգավիճակներ՝ պետական ծառայողների և այլ աշխատակիցների համար։ Եթե մասնագիտական պատրաստման իրավունքը պետական ծառայողի համար պարտադիր է, ապա կազմակերպության աշխատակիցների համանուն իրավունքը իրականացվում է միայն աշխատողի և գործատուի միջև լրացուցիչ պայմանագիր կնքելու դեպքում՝ կողմերի համաձայնությամբ։

Աշխատակիցների մասնագիտական պատրաստման ինստիտուտը նույնպիսի կապի մեջ է կրթական իրավունքի նորմերի հետ, ինչպիսին և վարչական իրավունքի համանուն ինստիտուտը։ Աշխատանքային իրավունքի նորմերը պարտավորեցնում են գործատուին իրականացնելու ուսուցում, վերապատրաստում և աշխատակիցների որակավորման բարձրացում, սակայն սահմանված չեն, թե ինչպես պետք է իրականացնել այդ պարտավորությունը, ինչպես պետք է կազմակերպվի կրթական գործընթացը, ինչ չափանիշների պիտի բավարարեն ուսումնառությունն անցած շրջանավարտ-մասնագետի գիտելիքները։ Այս բոլոր հարցերով սահմանված նորմերն առկա են նաև կրթական իրավունքում, և աշխատանքային իրավունքի նորմերի հետ միասին կազմում են աշխատանքային իրավունքի համալիր ինստիտուտ։

Համալիր բնույթ է կրում աշխատակիցների երաշխիքների և փոխհատուցումների ինստիտուտը, ով համատեղում է ուսումնական հաստատություններում ուսումնառությունն աշխատանքի հետ։ Ինչպես ասվել է վերևում, աշխատանքային իրավունքի այս ինստիտուտը, առանց դրա համար անհրաժեշտ հիմնավորումների, մասամբ ընդօրինակում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նորմերը։ Բացի այդ, ըստ նույն օրենքի հոդված 19ի, 5-րդ մասի, 5-րդ կետի «Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատողները ոչ պակաս, քան 5 տարին մեկ, սահմանված կարգով պետք է անցնեն վերապատրաստում կամ որակավորման բարձրացում», թեև նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակայումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով։ Հետևաբար, անհասկանալի է մնում, թե հինգ տարով աշխատանքի ընդունվողը ո՞ր հինգ տարիների ընթացքում է վերապատրաստվելու, քանի