Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկությունները՝ կրթվածություն, մասնագիտական ձեռնահասություն և քաղաքակրթվածություն: Սակայն կրթության առաջադիմական զարգացումն ամբողջությամբ կարող է արգելակվել զանազան հասարակական և քաղաքական երևույթների, գործընթացների պատճառով, որոնք կարող են ոչ միայն իջեցնել կրթական հարաբերությունների զարգացման տեմպերը, այլև դրանք հետ շպրտել, դրա միտումներն առկա են Հայաստանում:

Կրթական հարաբերությունների բնորոշման մեջ կարևոր դեր են կատարում համակարգաձևավորող հատկությունները, նրա՝ որպես օրգանապես ամբողջական կրթության, բնորոշ հատկանիշները: Սակայն, որպեսզի ուսումնասիրվեն այդ հատկանիշները, անհրաժեշտ է նախապես պատասխանել հետևյալ, քիչ ուսումնասիրված հարցին. իրավունքների և պարտականությունների ինչպիսի՞ շրջանակ է կազմում կրթական հարաբերությունների բովանդակությունը: Կարելի՞ է, արդյոք, դիտարկել կրթական հարաբերությունը որպես հարաբերություն, որով իրագործվում է ողջ ուսումնական գործընթացը՝ սկսած ուսումնական հաստատություն ընդունվելուց և վերջացրած այն ավարտելիս դիպլոմ ստանալով, թե՞ ուսումնական գործընթացը բաժանվում է բազմաթիվ ուսումնական հարաբերությունների, որոնք համապատասխանում են առանձին գործողության, այդ գործընթացի առանձին ընթացակարգի:

Վ.Ի. Շկատուլլան, բացահայտելով կրթական (մանկավարժական) հարաբերությունները, առաջադրված հարցին ուղղակի պատասխան չի տալիս: Միևնույն ժամանակ նրա աշխատանքում կրկնատողերով հայտնվում է մի արտահայտություն, համաձայն որի՝ այդ հարաբերությունների յուրաքանչյուր հատված «կազմված է ըստ առիթի հարաբերություններից», «ընդգրկում է ըստ առիթի հարաբերություններ»: Այդպիսով, տրամաբանական է եզրակացնել, որ Շկատուլլան մանակավարժական-կրթական հարաբերությունների տակ հասկանում է առանձին, առավել կոնկրետ, կրթական գործընթացի առանձին փուլին, ընթացակարգին համապատասխանող հարաբերությունների տարատեսակ ամբողջություն: Մեր կարծիքով, կրթական հարաբերությունների նմանատիպ մեկնաբանության բավարար հիմքեր չկան:

Հասարակական հարաբերությունները իրենցից ներկայացնում են այնպիսի սոցիալական կապեր, որոնք՝

1) ունեն դրա համար անհրաժեշտ բոլոր տարրերը (սուբյեկտ, օբյեկտ, իրավունք և սուբյեկտիվ պարտականություն),

2) ընդգրկում են սուբյեկտների գործողությունների և սոցիալական կապերի ողջ տարատեսակ հաջորդաշարքը՝ սկսած հարաբերությունների մեջ մտնելուց մինչև նյութական կամ հոգևոր բարիքների, այսինքն՝ իրավահարաբերությունների օբյեկտի իրական տիրապետումը:

Օրինակ՝ աշխատանքային իրավունքում իրավահարաբերություն է ճանաչվում գործատուի և աշխատողի միջև առկա հարաբերությունը, որը տևական է և ընդգրկում է նրանց փոխադարձ կապի բոլոր մյուս ձևերը՝ սկսած աշխատանքային պայմանագրի կնքումից մինչև դրա ընդհատումը աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, կամ էլ այլ՝ օբյեկտիվ պարագաների պատճառով: Աշխատանքային հարաբերությունը միջնորդավորում է, մի կողմից, աշխատակիցների, մյուս կողմից՝ գործատուների միջև առկա բոլոր կարևոր կապերը, որոնք վերաբերում են աշխատուժի օգտագործմանը: «Աշխատանքային հարաբերությունների մասնակիցների առանձին, հարաբերակցվող իրավունքները և պարտականություններն են կազմում տարատեսակ բնույթի տարրական իրավահարաբերությունները, բայց դրանք չեն կարող գոյություն ունենալ բարդ, աշխատանքային իրավահարաբերություններից դուրս»:

Ուսումնական հաստատության ղեկավարի և կոնկրետ անձի միջև ընդհանուր կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին կրթական իրավահարաբերությունը ծագում և ձևավորվում է ուսումնական հաստատության ղեկավարի /տնօրենի, ռեկտորի/ տրված հրամանով: Այդ հրամանի համար հիմք է ծառայում ընդունելության պետական հանձնաժողովների որոշումների փաթեթը՝ իրավաբանական փաստը: Սովորողի գիտելիքները, կարողությունները, որոնք նա ձեռք է բերել ուսումնական հաստատությունում ուսուցման և դաստիարակության գործընթացներում, հանգեցնում է կրթական հարաբերությունների ավարտի, որը հաստատվում է կրթության որոշակի մակարդակի առկայության մասին վկայող փաստաթղթի հանձնումով։