Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  • բնագավառային,
  • մասնագիտական,
  • տարածաշրջանային,
  • անհատական։

Մասնակիցների սահմանադրական կարգավիճակի կրթական իրավահարաբերությունները բնորոշվում է ՀՀ Սահմանադրությամբ, որը սահմանում է քաղաքացիների կրթության սահմանադրական իրավունքը։ Բացի այդ, կրթական հարաբերությունների մասնակիցների սահմանադրական իրավական կարգավիճակը որոշվում է ընդհանուր նորմերով, որոնք ամրագրում են կրթության իրավունքի բոլոր սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները։ Օրինակ՝ մանկավարժների և կրթվողների սահմանադրական իրավական կարգավիճակն են կազմում այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներով։ Օրինակ, սեփական պատվի ու արժանապատվության պաշտպանության, խոսքի և մտքի ազատության, առողջության պահպանման իրավունքները և այլն։

Մասնակիցների միջազգային իրավական կարգավիճակի կրթական իրավահարաբերությունները ձևավորվում են միջազգային իրավունքի նորմերի գործունեության ներքո, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ և այլ պետությունների հետ կնքված և վավերացրած պայմանագրերով։ Մարդու իրավունքի համընդհանուր հռչակագիրը, մարդու տարատեսակ իրավունքների փաթեթները և ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի նորմատիվ-իրավական այլ ակտեր ամրագրում են քաղաքացու կրթության իրավունքը, սահմանում այդ իրավունքի անհրաժեշտ իրավական երաշխիքները, մանրամասնորեն երաշխավորում մանկավարժների իրավունքներն ու պարտականությունները։

Մասնակիցների բնագավառային կարգավիճակի կրթական իրավահարաբերությունները ամրագրված են «Կրթության մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ-իրավական ակտերով, որոնք իրենց մեջ ներառում են նրանց ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները։ Օրինակ՝ ուսումնական հաստատությունների իրավասությունների սահմանումը և այլն։

Անհատական իրավական կարգավիճակը բնորոշվում է կոնկրետ սուբյեկտների սոցիալ-իրավական դիրքին համապատասխան, որով և տարբերվում են իրենց վերապահված իրավունքներով ու պարտականություններով։ Մասնավորապես քաղաքացիների անհատական իրավական կարգավիճակը որոշվում է ըստ տարիքի, զբաղվածության տեսակի, կրթական ոլորտի տարբեր հաստատություններում ծագող հարաբերություններով, կրթական գործընթացի մասնակցությամբ, յուրաքանչյուր մասնակցի սոցիալական դիրքի անհատական ուժով, կրթության ոլորտում նրա անհատական իրավական կարգավիճակով։

Կրթական հարաբերությունների մասնակիցների իրավական կարգավիճակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ կրթական ցանկացած մակարդակում այն լիովին պահպանում է կրթական իրավունքի առանձնահատկությունը և չի անցնում իրավունքների այլ ոլորտների սուբյեկտների իրավական կարգավիճակ։

Քանի որ իրավունքի յուրաքանչյուր բնագավառ ունի իր իրավական կարգավորման առանձնահատուկ առարկան, ապա դրան հաջորդող իրավահարաբերությունները միշտ բնորոշվում են դրանց սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների յուրօրինակ համակարգով։ Կրթական իրավունքը նույնպես բացառություն չէ այդ կանոնից։

Կրթական իրավահարաբերության պարունակությունը որպես կրթվողների մանկավարժների և կրթական հաստատությունների իրավունքների ու պարտականությունների ամբողջականություն, չի կրկնօրինակվում որևէ այլ իրավունքի բնագավառ։ Համապատասխանաբար էլ կրթաիրավական հարաբերությունների մասնակիցների կարգավիճակը առանձնահատուկ է, չի կրկնում ոչ քաղաքացիական, ոչ վարչական և ոչ էլ իրավունքի այլ բնագավառների մասնակի սուբյեկտների իրավական կարգավիճակները։

Կարևոր է նշել, որ կրթության ոլորտում և՛ իրավունակությունը, և՛ գործունակությունը պատկանում են միայն անձամբ յուրաքանչյուր անհատին, այլ ոչ թե նրա օրինական ներկայացուցիչներին՝ ոչ ոք չի կարող կրթություն ստանալ (սովորել) մեկ ուրիշի փոխարեն։ Օրինական ներկայացուցիչը