Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի՝ իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից:

Նույն օրենսգրքի հոդված 31-ը սահմանում է, որ այն քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն.

1. Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:

2. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին անգործունակ է ճանաչվել, դատարանը նրան գործունակ է ճանաչում: Դատարանի վճոի հիման վրա վերացվում է նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 32-ը սահմանում է, որ ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:

Կոնկրետ իրավահարաբերություններում անգործունակ ճանաչվածների իրավունքներն իրագործվում են նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գործողություններով:


5.2.2.1. Սովորողները և նրանց խմբերը

Ակնհայտ է, որ սովորող համարել պարզապես ցանկացած անհատի, ով իր առջև կրթություն ստանալու նպատակ է դրել (կամ կանգնած է իրեն առջև դրված նպատակի առջև)՝ որպես իր սոցիալականացման ձև և միջոց, ակնհայտորեն բավարար չէ:

Մեր կարծիքով, սովորողն այն անհատը կամ ֆիզիկական անձն է, ով՝ կրթության սահմանադրական իրավունքի և համապատասխան օրինական շահերի կրողն է և հանդիսանում է կրթական իրավունքի /գործունեության/ սուբյեկտ:

Ինչպես կարելի է տեսնել, տվյալ հասկացությունը գործնականում ընդգրկում է անձանց այն ողջ շրջանակը, ովքեր սովորում են օրենսդրությամբ սահմանված որևէ կազմակերպաիրավական ձևի ուսումնական հաստատությունում: Ելնելով «սովորողներ» հասկացության նման մեկնաբանումից կարելի է առանձնացնել նրանց տարբեր կատեգորիաները, որոնց հիմքում կարող են դրվել տարբեր չափանիշներ:

Օրինակ, կրթության տարբեր մակարդակների հետ ուսումնական հաստատությունների տիպի և ձևի համապատասխանությունից կախված կարելի է առանձնացնել տարբեր իրավական կարգավիճակներով սովորողների հետևյալ կատեգորիաները՝

1. մանկապարտեզում՝

  • նախադպրոցական կրթական հաստատությունների սովորողներ, սաներ;
  • կրթահամալիրում՝ /տարբեր աստիճանների կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորումներում/ կրթահամալիրներում սովորողներ /սաներ/:

2. Հանրակրթական դպրոցներում սովորողներ՝

  • աշակերտներ, վարժարանցիներ, /այլ երկրներում՝ լիցեյիստներ, գիմնազիստներ (հանրակրթական հաստատությունների սովորողներ),
  • երեկոյան (հերթափոխային) հանրակրթական հաստատությունների սովորողներ,

երկարօրյայի սովորողներ,

  • գիշերօթիկ հանրակրթական դպրոցների սովորող սաներ,
  • մոնթեականներ (կադետների դպրոցների և կադետների գիշերօթիկ դպրոցների սովորողներ, սաներ),
  • որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված օժանդակ կրթական հաստատությունների սաներ: