Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5.2.2.3. Իրավական պատասխանատվությունը՝ որպես սովորողների իրավունքների և օրինական շահերի երաշխիք

Սովորողների, իրավական կարգավիճակում արտացոլված նրանց իրավունքների, օրինական շահերի և պարտականությունների առկայությունը դեռևս չի նշանակում, որ նրանք կարող են դրանք իրագործել ամբողջությամբ կամ նույնիսկ մասնակիորեն: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն կարող են խոչընդոտել այդ իրականացմանը: Դրա համար էլ անհրաժեշտ է երաշխիքների որոշակի համալիր (համակարգ), այսինքն՝ կազմակերպա-կառավարչական, քաղաքական, մանկավարժական, հոգեբանական և, հատկապես, իրավական (իրավաբանական) միջոցների համալիր, որոնք կապահովեն և կպաշտպանեն այդ իրավունքները և օրինական շահերը, կկանխեն դրանց հանդեպ ոտնձգություն անելու արարքները:

Տվյալ դեպքում, հիմնական ուշադրությունը դարձվում է իրավաբանական երաշխիքների վրա, որոնց տակ գրականության մեջ ընդհանուր առմամբ հասկանում են գործող օրենսդրությամբ հաստատված, քաղաքացիների և կազմակերպությունների սուբյեկտիվ իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, օրինականության, կարգուկանոնի և իրավակարգի իրագործման և պաշտպանության ապահովման միջոցները, ձևերը և պայմանները: Այս սահմանումը լիովին կիրառելի է նաև տարբեր տիպի և տեսակի կրթական հաստատություններում սովորողների կրթական և այլ իրավունքների, ազատությունների, օրինական շահերի երաշխիքների տեսանկյունից: Նշենք միայն, որ այդպիսի երաշխիքները հաստատվում են ոչ միայն բուն կրթական օրենսդրության նորմերով, այլ նաև՝ այլ օրենսդրության ոլորտներով (սահմանադրական, վարչական, քաղաքացիական, քրեական և այլն):

Բազմաթիվ իրավաբանական երաշխիքների շարքում, որոնցից են, օրինակ, կրթության կառավարման մարմինների իրավասու ծառայությունների և ստորաբաժանումների վերահսկողական և հսկողական գործունեությունները, կրթական հաստատությունների լիցենզավորման, ատեստավորման, հավատարմագրման իրավական ընթացակարգերը, պլանավորված և արտապլանային տեսչական ստուգումները և այլն, հատուկ տեղ է հատկացվում կրթական հարաբերությունների սուբյեկտների իրավական պատասխանատվությանը: Ընդ որում, տվյալ դեպքում, այսինքն՝ իրավական պատասխանատվության՝ հատկապես որպես իրավաբանական երաշխիքների տարրի և տեսակի դիտարկման դեպքում, այդ պատասխանատվությունը դիտարկվում է երկու տեսանկյունից:

Մի կողմից, խոսքն իրենց՝ սովորողների կողմից՝ այլ սովորողների, կրթական հաստատության աշխատողների և, ամբողջությամբ վերցված, հենց հաստատության (անձնական պատասխանատվություն) իրավունքների, ազատությունների և օրինական շահերի հանդեպ ոտնձգությունների կատարման համար պատասխանատվության մասին է: Մյուս կողմից, պատասխանատվությունը դիտվում է որպես սովորողների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտման կամ դրանց հանդեպ ոտնձգություններ կատարելու համար պատասխանատվություն (այս պատասխանատվությունը կարելի է կոչել կետերալային): Այս դեպքում, իրավական պատասխանատվության սուբյեկտներ են այլ սովորողները, կրթական հաստատության աշխատողները, հաստատությունն ինքը՝ ամբողջությամբ վերցրած, կրթության կառավարման մարմինները: Բայց երկու դեպքում էլ, կրկնենք, խոսքն իրավական պատասխանատվության՝ որպես սովորողների (կրթական հարաբերությունների սուբյեկտների) իրավունքների, ազատությունների և օրինական շահերի իրավաբանական երաշխիքների ողջ համակարգի առավել արդյունավետ միջոցներից մեկի մասին է:

Ուսումնական դասընթացի 5.6. գլխում մանրամասն կդիտարկվեն կրթության ոլորտում իրավաբանական պատասխանատվության հարցերը: Տվյալ դեպքում, կարճ անդրադառնանք դրանց երկու նշված տեսակների առանձնահատկություններին, նախ՝

Սովորողների անձնական պատասխանատվությունը: Սովորողները կամ նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավական պատասխանատվություն են կրում պաշտպանողական