հանցագործություն կատարելու համար:
3. Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և ուսումնական հաստատության կանոնադրության, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության դեպքերի:
Այս հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, մեր կարծիքով, գործնական տեսանկյունից խոցելի է, քանի որ կան երեխաների հանդեպ կատարված այնպիսի հանցագործություններ, որոնց համար դատվածությունն անգամ մարված լինելու պարագայում անբարո է այդպիսի անձին նորից թույլատրել մտնելու լսարան կամ դասարան:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ը սահմանում է մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները.
1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝
1) մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը՝ ՀՀ օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրել և ընտրվել համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
3) մասնակցել ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4) բողոքարկել ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) առաջարկներ ներկայացնել առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
6) օգտվել ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից՝ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
7) ընտրել և կիրառել դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ՝ իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) պաշտպանված լինել սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
9) ունենալ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծել կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան՝ մշակել և իրականացնել դասապլաններ, թեմատիկ միավորներ.
12) մասնակցել վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
13) դիմել արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու նպատակով.
14) օգտվել օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է՝
1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.