Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Ընդհանուր /հանրակրթական/ կամ մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում սովորողը ծանոթանում և խորացնում է այս կամ այն ուսումնական առարկայի գիտելիքները, ամրապնդում և զարգացնում է իր ունակություններն ու հմտություններն այս կամ այն ոլորտում: Այդպիսի պահանջմունքների մի մասը մարդը բավարարում է լրացուցիչ կրթական հաստատություններում կամ լրացուցիչ կրթական ծառայություններ ստանալու միջոցով:

Գիտելիքների զգալի մասը մարդը ձեռք է բերում ինքնակրթության միջոցով, գիտական և ուսումնական գրականության ուսումնասիրության ճանապարհով, հաճախելով դասախոսությունների, թանգարաններ, գրադարաններ, ցուցահանդեսներ՝ իրականացնելով առարկայա-գործնական և տեսական գործունեություն:

Չնայած որ ինքնակրթությունը ընդհանուր և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման ոչ այնքան արդյունավետ մեթոդ է, այնուամենայնիվ թույլ է տալիս հասնել բարձունքների: Օրինակ, Ֆ. Էնգելսը, որի աշխատությունները դիալեկտիկական մատերիալիզմի և գիտական կոմունիզմի վերաբերյալ մեծ ներդրում ունեցան 19-րդ դարում, ընդամենը ուներ ընդհանուր միջնակարգ կրթություն:

Ինքնակրթությունը չի կորցնում իր նշանակությունը անգամ արդի ժամանակներում: Օրինակ, 20-րդ դարի վերջերին խորհրդային ինժեներ Գ. Ս. Ալտշոլլերը, չունենալով բարձրագույն կրթություն, ներկայացրեց գյուտարարական խնդիրների լուծման տեսություն, որը զգալիորեն հեշտացրեց կոնստրուկտորների և տեխնոլոգների աշխատանքը, նրա աշխատանքը մեծ ճանաչում գտավ ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում:

Ժամանակակից հասարակությունը դժվար է պատկերացնել առանց «մարդ-սովորող» կատեգորիայի:

Եթե անգամ հաշվի առնենք գիտելիքների ստացման աղբյուրների և հնարների բազմազանությունը, մեկ է, պիտի առաջանան հարցեր, թե կրթական հարաբերություններում ինչպիսի գիտելիքներն են օբյեկտ հանդիսանում, երբ և ինչ պայմաններում է սուբյեկտը դրսևորվում սովորողի դերում:

Ցավոք, կրթական իրավունքի այս հարցերը իրենց անհրաժեշտ լուսաբանումը չեն գտել իրավաբանական գրականության մեջ և իրարամերժ լուծում են ստացել օրենսդրության մեջ: /Խոսքը նախնական կրթական հաստատություններին է վերաբերում, որոնց առավել մանրամասն կանդրադառնանք հետագայում, քանի որ ոչ բոլոր աղբյուրներն են ծնում գիտելիք, որ հնարավորություն ունեն հանդես գալու որպես կրթական իրավահարաբերությունների օբյեկտ/:

Առաջին հերթին, կրթական հարաբերությունների օբյեկտներ չեն կարող հանդիսանալ այն գիտելիքները, որոնք ստացվել են փորձից կամ ինքնակրթությունից: Քանի որ մարդը տիրապետում է գիտելիքներին ինքնուրույն՝ առանց այլ անձանց մասնակցության, ապա այդ գործողություններում չկա հարաբերություն: Կրթական հարաբերությունն առաջանում կամ գոյություն ունի ամենաքիչը երկու մարդկանց միջև: Հետևաբար, հեռահար, համակարգչային, հեռուստալսարանային ծրագրերի միջոցով ուսուցումը, թեև երես առ երես չկա հանդիպում մյուս կողմի՝ հեղինակի կամ մանկավարժի հետ, սակայն մեր կարծիքով սրանք կրթության առարկայի բաղադրատարրեր են, քանի որ այդ ծրագրերը կազմված են նրանց կողմից: Այս պարագայում հարցը կարող է միայն վիճահարույց դառնալ այդպիսի ծրագրերի իրավասու մարմնի կողմից հաստատված չլինելու կամ ստացած կրթության մասին վերջնական փաստաթուղթ տրամադրելու հանգամանքը բացակայելու պատճառներով:

Երկրորդ, մյուս կողմից, գիտական հետազոտությունների արդյունքում ստացվող գիտելիքները չեն կարող կրթական հարաբերությունների օբյեկտ հանդիսանալ, քանի որ կազմում են այլ ոլորտի իրավահարաբերությունների, այսինքն՝ գիտության օբյեկտ: Գիտական փնտրտուքների հետ կապված հարաբերությունները, գիտական հետազոտությունների անցկացումը կանոնակարգվում են գիտության և գիտական հետազոտությունների մասին օրենսդրության կայուն ճյուղով: Տվյալ օրենսդրության նորմերը տարածվում են նաև կրթական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամ այլ աշխատողների գիտական հետազոտությունների վրա: Միևնույն ժամանակ գիտական հետազոտությունները և դրանցից ստացված արդյունքները սերտորեն