Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, այսպես՝

1. ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն,

2) խիստ նկատողություն:

3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:

Նախ, մեր կարծիքով, «մեկ տարվա ընթացքում» բառակապակցությունը պետք է փոխարինել «մեկ ուսումնական տարվա ընթացքում» բառակապակցությամբ, և երկրորդ, օրենսդիրը տվյալ դեպքում պետք է ավելի շուտ «մոռացության տա» թույլ տված արարքները, որպեսզի դրանք, դաստիարակության առումով, իրենց ուժը ավելի վաղ ժամկետում կորցնեն:

4. Այս հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է՝

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն,

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին՝ երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

Նախ, մեր կարծիքով, այս հոդվածում պետք է ավելացնել ևս մեկ, 7-րդ պարբերություն՝ որով կսահմանվի, որ միևնույն կատարած արարքի համար հնարավոր չէ երկու տույժի կիրառում։ Բացի այդ, հանրակրթության համակարգում սովորողների վարքապահվածքի խախտումներն այնքան բազմազան են, ինչքան որ թույլ են տալիս նրանց երևակայության սահմանները և որպեսզի դրանց հասցեականացված ու համարժեք արձագանքվի, անհրաժեշտ է ընդլայնել դաստիարակչական /և ոչ թե կարգապահական/բնույթի միջոցների ցանկը: Մեր կողմից առաջարկվող վերը թվարկված դաստիարակչական բնույթի տույժերի կիրառման ձևերը հենց այդպիսի հնարավորություններ են ընձեռում: Ինչ վերաբերում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 4-րդ մասի վերը նշված 2-րդ կետում նշված «դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին՝ երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով», չի կարող համարվել պատժատեսակ:

Նույն օրենքի հոդված 28-ը սահմանում է ծնողի պարտականությունները: Դրանք են՝ սովորողի ծնողը պարտավոր է՝

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար,

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար,