Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակաօրինական գործողությունների ճիշտ գնահատականի և որակավորման համար:

Հարկավոր է նաև հաշվի առնել, որ կարգապահական պատիժներ կիրառող իրավասու անձանց մեծամասնությունը չունի իրավաբանական կրթություն և հատուկ պատկերացում այն անձանց մեղքի ձևի և աստիճանի մասին, ովքեր թույլ են տվել կարգապահական զանցանք: Ամեն դեպքում, կարգապահական զանցանք կատարելու համար ուսումնական հաստատությունից հեռացված ուսանողը պետք է հնարավորություն ունենա կա՛մ աշխատանքի տեղավորվելու, կա՛մ շարունակելու ուսումն այլ ուսումնական հաստատությունում: Հատկապես դեռահասների չաշխատելը նպաստում է նրանց դյուրությամբ կամ ակամա ներքաշվելու տարբեր տեսակի կասկածելի, ինչպես նաև հանցավոր խմբավորումների մեջ, որը հանգեցնում է բռնելու տարբեր տեսակի հակաօրինական գործողություններ կատարելու ուղին:

Սովորողների կողմից կատարված կարգապահական զանցանքի հիմնական բաղկացուցիչների թվին անհրաժեշտ է դասել նրանց այնպիսի հակաօրինական գործողությունները, որոնք խախտում են կրթական ոլորտի իրավակարգը, խոչընդոտում կրթական գործընթացի իրականացմանը, լեկցիոն, գործնական և այլ պարապմունքների անցկացմանը, միայն թե հակադրվեն օրինական որոշումների և ուսումնական հաստատության ադմինիստրացիայի կարգադրությունների իրականացմանը: Դրանք, մասնավորապես, հետևյալներն են.

> պարբերաբար (կիսամյակում 3 կամ ավելի անգամ) ուշացումներ կամ գործնական և այլ պարտադիր պարապմունքներին անհարգելի պատճառներով չներկայանալը.

> պարապմունքներին կամ կրթական հաստատության շինություններում ալկոհոլի, թմրադեղերի կամ հոգեմետ թունավոր նյութերի ազդեցությամբ ներկայանալը,

> լեկցիոն, սեմինար կամ կրթական այլ պարապմունքների անցկացման գործընթացում կարգուկանոնը խախտելը,

> մանկավարժների, դեկանի, նրա տեղակալների, կրթական հաստատության ղեկավարի օրինական որոշումներն ու հանձնարարությունները /կարգադրությունները/ չկատարելը,

> վերը նշված անձանց գործունեությանը խոչընդոտելը,

> կրթական հաստատության շինություններում պարապմունքներից հետո, առանց թույլտվության, երեկոյան և գիշերային ժամերին գտնվելը,

> կրթական հաստատության սարքավորումները կամ այլ ունեցվածքը վնասելը կամ ոչնչացնելը,

> արգելված վայրում ծխելը, կրթական հաստատություններում կամ լսարաններում ալկոհոլային ըմպելիքներ օգտագործելը,

> հանրային կոչ՝ նշված գործողություններին մասնակցելու համար կամ մասնակցություն՝ դրանցում: Մեր կարծիքով, անհրաժեշտ է լրիվությամբ ոչ միայն ընդգրկել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության վերը նշված երաշխավորության բոլոր դրույթները, այլև ներառել նաև վերը բերված՝ Բավարիայի և Նիդեռլանդների համապատասխան օրենքների դրույթները:

Կրթական օրենսդրությունը պետք է բացառի հակաօրինական կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը՝ ստեղծելով կատարված գործողությունների դեմ բողոքարկման հստակ մեխանիզմներ: Որպեսզի ուսումնասիրվեն կատարած կարգապահական խախտման բոլոր հանգամանքները, այդ թվում նաև հակաիրավական գործունեության աստիճանը, մեղքի չափը, ձևը և վրա հասած վտանգավոր հետևանքները, անհրաժեշտ է սահմանել առանձին դատավարական կարգ՝ կարգապահական հանձնաժողովի օբյեկտիվ կարծիքն ստանալու համար: Կարգապահական զանցանքների մեջ ներառվող ոչ բոլոր գործողությունները կարող են հիմք ծառայել կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Կրթական ոլորտում կարգապահական պատասխանատվության այն իրավիճակները, որոնք քրեական և վարչական իրավունքների նորմերով չեն սահմանված, պետք է կարգավորվեն կրթական օրենքով:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում կարգապահական պատասխանատվության կիրառումը բացառող հանգամանքների թվում անհրաժեշտ է նշել ինքնապաշտպանության նպատակով,