Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկախ իրենց կրթական ծրագրերի և վճարովի հիմունքներով լինելուց։ Ուսուցման առարկան, նպատակը, ձևերը և արժեքը այսպիսի դեպքերում կարող են որոշվել անհատականորեն և պայմանագրի միջոցով: Մասնավոր կամ պետական ուսումնական հաստատություններում պայմանագիրն օգտագործվում է նաև սովորողների իրավունքների և պարտականությունների ամրակայման նպատակով, ինչպես նաև պայմանով, որ սովորողը վճարի: Պայմանագրային հարաբերությունները կարևորվում են նրանով, որ դրանցում իրավաբանական ձևակերպում տրվի սովորողների գույքային և ոչ գույքային իրավունքների պաշտպանությանը, որակյալ կրթության մակարդակի ամրակայմանը, ուսուցման տևողությանը:

Կրթաիրավական հարաբերությունների փոփոխման պատճառ կարող են հանդիսանալ սովորողների պարբերական ատեստավորման արդյունքները, ինչպես նաև նրանց կամքով իրենց կրթական կարգավիճակի փոփոխությունը, օրինակ՝ առկա /ստացիոնար/ կրթաձևից հեռակային անցնելը, իհարկե, ուսումնական հաստատության համաձայնության դեպքում:

Ավելի բարդ իրավական փաստերի համակարգ է իրենից ներկայացնում կրթական հարաբերությունների ընդհատման ընթացակարգը: Այն փաստերը, որոնք ամբողջացնում են այս համակարգը, բաժանվում են 2 խմբի՝

  • պայմաններ, որոնք ապահովում են կրթական հարաբերությունների կասեցումը, և փաստեր,
  • որոնք հանգեցնում են կրթական հարաբերությունների վաղաժամկետ ընդհատման:

Այս առումով, փաստերը կարելի է բաժանել դրականի և բացասականի:

Դրական փաստերը ենթադրում են սովորողների կողմից բոլոր ատեստավորումների, հատկապես ավարտական պետական քննությունների հանձնում, այսինքն՝ ուսումնական ծրագրի լիակատար յուրացում:

Բացասական փաստերը ենթադրում են սովորողի կողմից օրենսդրությամբ կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված ներքին կանոնների խախտում, ատեստավորումների չհանձնում և այլն: Այս բոլոր փաստերը պետք է ճշգրտորեն մշակվեն, կիրառվեն և ունենան իրավական հիմնավորում՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում, այլապես ստացվում է խառնաշփոթ: Օրինակ, չի նշվում անգամ, թե քաղաքացին մինչև որ տարիքում իրավունք ունի ընդունվել հանրակրթական դպրոց: Դրա լուծումը թողնված է ուսումնական հաստատությունների հայեցողությանը:

Բացի այդ, եթե ուսանողը ուսումնական հաստատությունից հեռացվել է տվյալ ուսումնական տարվա մայիսին, ոչ ուսումնական հիմքով, այլ ներքին կարգապահական կանոնների խախտման համար, որքանո՞վ է ճիշտ, որ ընդամենը մի քանի ամիս, այն էլ ամառային արձակուրդներից հետո հանձնի տվյալ ուսումնական հաստատության, միևնույն ֆակուլտետի համար պահանջվող քննությունները և ընդունվի բուհ կամ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի օգոստոսի 15-ի «ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը հաստատելու մասին» N671-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետով երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող՝ տվյալ կիսամյակում ըստ մասնագիտության ուսանողների թիվը չպետք է գերազանցի տվյալ մասնագիտության համար ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզիայով սահմանված տեղերի քանակը, դրանով փաստորեն, սահմանափակվում է մարդու կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը /քանի որ նույն սահմանադրությամբ սահմանափակված չէ մարդու՝ մի քանի անգամ բուհ ընդունվելու և ավարտելու իրավունքը և երկրորդ, այն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկ:

Թեև «Կրթության մասին» ՀՀ օրենքը ընդհանուր կրթությունը համարում է պարտադիր, սակայն չի սահմանում որևէ սանկցիա երեխայի ընդհանուր /հանրակրթական/ ուսումնական հաստատություն չհաճախելու մեջ մեղավոր անձանց /ծնողին, ուսումնական հաստատության, կամ տեղական ինքնակառավարման մարմնի որևէ ներկայացուցչի/ որևէ տեսակի պատասխանատվության ենթարկելու մասին նորմեր: Դա վկայում է ուսումնական հաստատության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կրթության համընդհանրության սահմանադրական