Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրթության մասին ՀՀ օրենքները միայն հանրագումարային եզրափակող պետական ատեստավորման արդյունքի մասին փաստաթուղթն են ճանաչում որպես ուսումնական հաստատության շրջանավարտների կրթության և որակավորման միակ հիմք: Օրենքը հատուկ հիշատակում է, որ կրթության տարբեր աստիճանները եզրափակող պետական ատեստավորումը պարտադիր է: Իսկ միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ոսումնական հաստատությունների սովորողների կազմը ձևավորելու համար կիրառվում են մրցութային կարգեր, որպեսզի ուսումնական հաստատություն ընդգրկվեն առավել ընդունակ, տվյալ ուսումնական հաստատությանը առավել հարիր, սահմանված կրթական ծրագրերին լավագույնը տիրապետող և մրցութային նվազագույն շեմից առավել բարձր միավորներ հավաքող անձինք:

Կրթական համակարգում ատեստավորման և մրցույթների անցկացումը արդարացված է այնքանով, որքանով հաջողվում է օբյեկտիվորեն գնահատել յուրաքանչյուր սովորողի, շրջանավարտի կամ դիմորդի կրթական մակարդակը: Այդ պատճառով գիտելիքների օբյեկտիվ գնահատումը հիմնարար խնդիր է մանկավարժության և կրթական իրավունքի տեսակետից: Մինչ օրս չի հաջողվում գտնել արդյունավետ այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան չեզոքացնել ատեստավորման արդյունքների օբյեկտիվության վրա բացասաբար անդրադարձող՝ մեր կարծիքով չորս գործոնները: Դրանք են՝

առաջին հերթին, սովորողների կողմից ծածկագրերի, կապի տարբեր միջոցների կամ այլ արգելված հնարքների օգտագործումը, որոնք ստեղծում են գիտելիքների առկայության պատրանք, դրանց թերի լինելու կամ բացակայության պայմաններում,

երկրորդ գործոնը մանկավարժների գնահատման սուբյեկտիվությունն է,

երրորդը՝ սովորողների և շրջանավարտների գնահատումը, անկախ ունեցած գիտելիքներից, ընկերային, ազգակցական, պաշտոնական և այլ ազդեցություններից ու ճնշումներից,

չորրորդը՝ սովորողների և շրջանավարտների գնահատումը ոչ թե նրանց գիտելիքների, հմտությունների, կարողությունների հիման վրա, այլ այն նյութական պարգևատրման կամ ծառայությունների մատուցման դիմաց, որ ստանում են մանկավարժը, պրոֆեսորադասախոսական կազմի որևէ անդամ կամ ուսումնական հաստատության տարբեր աստիճանների ղեկավարները կամ միջնորդները:

Որպես կրթական մակարդակի գնահատման բացասական գործոնների ազդեցության չեզոքացման կամ նվազեցման հիմնական միջոց, օրենսդրությունը ճանաչում է իրավասու անձանց կողմից գնահատման միասնականության սկզբունքի իրացումը: Միայն հանձնաժողովն է իրականացնում ուսումնական հաստատության շրջանավարտների պետական /ամփոփիչ/ ատեստավորումը և դիմորդների ընդունելության քննությունները: Սիասնական են կայացվում գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի, դոցենտի կամ պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ որոշումները: Թեև այս դեպքում ևս գործում են վերը բերված գործոնները:

Ամենաբարդը դոկտորական ատենախոսության պաշտպանության գործընթացն է: Օբյեկտիվ գնահատական ստանալու համար ատենախոսությունն ուղարկվում է ընդդիմախոս կազմակերպություն, պաշտոնապես նշանակված երեք ընդդիմախոսների եզրակացությունը ստանալու համար, իսկ ավտոռեֆերատը՝ համապատասխան կազմակերպություններին: Պաշտպանությունը տեղի է ունենում գիտական խորհրդի նիստում, որի քվեարկությունը գաղտնի է: Այնուամենայնիվ, գիտական ոլորտում բոլորովին հազվադեպ չեն այնպիսի դեպքերը, երբ գիտական կոչումները շնորհվում են նրանց, ովքեր արժանի չեն այդ կոչմանը, և հակառակը՝ մերժում են կոչում շնորհել դոկտորական և թեկնածուական այն ատենախոսությունների հեղինակներին, որոնց կատարած աշխատանքները ամբողջովին բավարարում են սահմանված պահանջները:

Նշված դեպքերից մեկի մասին 2002թ. հունվարին գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ պնդելով, որ Պետական Դումայի պատգամավորներից մեկը, չկտրվելով իր օրենսդրաստեղծ պարտականություններից, արագացված տեմպով բարձրագույն իրավաբանական կրթություն ստացավ, իսկ դիպլոմը ստանալուց յոթ ամիս անց նույն հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմ: