Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այնինչ, ամենահամեստ չափանիշներով, թեկնածուական ատենախոսությունը ինքնուրույն նախապատրաստելու համար անհրաժեշտ է առնվազն երեք տարի: Այսպիսի դեպքերը Հայաստանում ևս պակաս չեն: Ավելի մեծ է հանձնաժողովների սուբյեկտիվությունը ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական /ամփոփիչ/ ատեստավորման և ուսումնական հաստատություն ընդունվելու համար մրցույթի անցկացման հարցերում, ինչի մասին մշտապես տեղեկացնում են լրատվամիջոցները: Նշված փաստերի դեմ պայքարելու համար կրթական օրենսդրությամբ նախատեսված է, հատկապես, ստեղծել ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման այնպիսի հանձնաժողովներ, որոնք իրավասու են ուսումնասիրել դիմորդների առարկայական-քննական հանձնաժողովի նշանակած գնահատականների վերաբերյալ բողոքները:

Սակայն պարզ է դառնում, որ բողոքարկման հանձնաժողովները չեն կարողանում անկողմնակալ միջնորդ լինել դիմորդի և առարկայական-քննական հանձնաժողովի միջև ծագած վեճերում՝ գործելով վերջինիս օգտին: Այս հանգամանքը ստիպված էր ընդունել անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Ցանկացած տարվա ընդունելության քննությունների ժամանակ թե՛ նախարարությանը և թե՛ ԶԼՄ-ներին ուղղված քաղաքացիների բազմաթիվ դիմումներում բերվում են փաստեր, որոնցում նշվում են դիմորդների գիտելիքների գնահատման պահանջների բարձրացման վերաբերյալ բողոքների նկատմամբ մոտեցման ձևական բնույթի, բողոքարկման ընթացքում դիմորդի նկատմամբ տեղ գտած սպառնալիքների, դիմորդների ահաբեկման, կատարված աշխատանքի լրացուցիչ գրախոսման համար գումարի գանձման մասին:

Բողոքարկման հանձնաժողովի աշխատանքի փորձին բազմիցս անդրադարձել են լրատվամիջոցները, որոնք ներկա լինելով բողոքի ընդունման փուլին, վկայում են, որ հանձնաժողովականներն արդեն «բացահայտ հասկացնում են, որ գնահատականը չեն բարձրացնի, իզուր ժամանակ և նյարդեր մի՛ ծախսեք»: Հանձնաժողովների գնահատականի բարձրացման դեպքերը հազվադեպ են գրանցվում, այն էլ, երբ համոզված են, որ բարձրացման դեպքում անգամ հավաքած միավորներն անցողիկ չեն լինի: Բուհերի և մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների բողոքները դիտարկող հանձնաժողովների արդյունավետության բացակայությունը շատ պարզ բացատրություն ունի: Այդ հանձնաժողովները, առարկայական-քննական հանձնաժողովների նման, ստեղծվում են հիմնականում նույն ուսումնական հաստատության կողմից: Դեռ ավելին, նմուշային դրույթը հնարավորություն է տալիս բուհերին ոչ միայն ինքնուրույն ձևավորել բողոքարկման հանձնաժողովներ, այլև որոշել բողոքների ուսումնասիրության կարգը: Ինքնուրույն են ձևավորում բողոքարկման հանձնաժողովները նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները: Արդարացի կլիներ նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միասնական քննական և բողոքարկման հանձնաժողովների կազմում որպես անկախ փորձագետներ ընդգրկեր հանրակրթական հաստատությունների փորձառու ուսուցիչների և նշանակեր նրանց ոչ իր մարզի հանձնաժողովի անդամ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի գնահատել յուրաքանչյուր դպրոցի շրջանավարտների ստացած գիտելիքների օբյեկտիվ գնահատման արդյունքները: Տվյալ դպրոցի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմած երեխաների քննության արդյունքներից ելնելով, պետք է դնել նաև տնօրենի, հետևաբար նաև տվյալ ուսուցչին տվյալ պաշտոնում աշխատանքը շարունակելու հարցը: Այս կերպ վարվելով, մեծապես կբարձրացվի թե՛ տնօրենի և թե՛ ուսուցչական կոլեկտիվի պատասխանատվությունը՝ իրենց աշակերտների ցուցաբերած արդյունքների համար:

Ցանկացած պետություն, որը լրջորեն մտահոգված է իր կառույցների կողմից օրինականության օբյեկտիվության հիմնախնդրով, անխուսափելիորեն բողոքարկումը դուրս է բերում այդ կառույցի սահմաններից, որի լուծումները բողոքարկվում են: «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» կազմակերպության՝ 2010 թվականին Հայաստանում անցկացրած սոցիոլոգիական արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ կրթության ոլորտն ամենակոռումպացվածն է, ինչը ահազանգ է հնչեցնում ոչ միայն կրթության ոլորտը ղեկավարողների, այլև ողջ հասարակության համար: Հետևաբար, բողոքարկող հանձնաժողովների օբյեկտիվության բարձրացման ճանապարհին,