տեսական և գործնական կողմերը: Իրավագետներն այդ ուղղությունների ուսումնասիրման, հետազոտման, վերլուծության հիման վրա մշակում և տալիս են առաջարկություններ, շարադրում մենագրություններ, դասագրքեր, ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, առաջարկում տեսական հիմնավորումներ դրանց իրավական կարգավորման սահմանների մասին, նկատի ունենալով, որ այդ հանձնարարականները կամ երաշխավորությունները չպետք է լինեն չափազանցված, կյանքի պահանջմունքներով չարդարացված կամ չափից դուրս նեղ՝ անկախ թողնելով այն հասարակական հարաբերությունները, որոնք պահանջում են կրթաիրավական ներգործություն:
Կրթական իրավունքի բոլոր ինստիտուտներն իրենց պատմական զարգացման համատեքստում ուսումնասիրվում են անհատի, սոցիալական խմբերի, ուսումնական հաստատությունների, հասարակության զարգացման ընդհանուր ֆոնի վրա:
Ելնելով առարկայի բովանդակությունից և այդ առարկան կազմող հարաբերությունների առանձնահատկություններից, որոշվում է նաև «կրթական իրավունք» գիտության հիմնական տեսական հայեցակարգերի բնույթը: Դրանց թվին են պատկանում այնպիսի խոշոր տեսական հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ կրթական իրավունքի տեխնոլոգիաները, ձևերը և այլն: Կարևոր տեղ են զբաղեցնում կրթական իրավունքի սուբյեկտների սոցիալ-իրավական կարգավիճակի պաշտպանության, անհատի, քաղաքացու, ընտանիքի, համայնքի, պետության և հասարակության կրթաիրավական փոխադարձ կապերի ձևավորման և զարգացման, կրթական հիմնախնդիրների ուսումնասիրման, ինչպես նաև այն տեսական եզրահանգումները, որոնք կապված են պետական և հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այս դրույթների ընկալման և ուսումնական հաստատություններին ցուցաբերվող գիտական աջակցության ձևերի, կրթական ծառայությունների մատուցման և զարգացման հետ: Այդ հիմնախնդիրների ոաումնասիրությունը կազմում է կրթական իրավունք գիտության առարկան, իսկ բուն եզրահանգումները և տեսական դրույթները՝ դրա բովանդակությունը:
«Կրթական իրավունք» գիտություն առարկան ուսումնասիրում է՝ ա/ կրթական իրավունքի ինստիտուտների, նորմատիվ իրավական ակտերի, նորմերի գործառնության և դրանցում առկա խախտումների իրավական հաղթահարման պրակտիկան, ձգտելով ճանաչել տալ դրանց զարգացման օրինաչափությունները կրթության սուբյեկտներին, տեսաբաններին, կրթական իրավունքը կիրառողներին առաջարկում է համապատասխան իրավական տեխնոլոգիաների և նորմերի կատարելագործմանն ու կիրառմանը նպատակաուղղված հիմնավոր հանձնարարականներ: Այդ նպատակով, գիտությունն ուսումնասիրում է նաև կրթական իրավունքի տարբեր բաղադրամասերը հետազոտողների մշակված տեսություններն ու հայացքները, վերջիններիս զարգացման վրա ազդող պայմանները,
բ/ սովորողների կրթության, գիտելիքի, կարողությունների, հմտությունների, անձնական հետաքրքրությունների բավարարման, դաստիարակության ձևերի, տեսակների ու առկա չափորոշիչների կատարելագործման իրավական արդյունավետ ձևերի մշակումը,
գ/ կրթության բնագավառի այն հարաբերությունները, որոնք կարգավորվում կամ կարող են և /կամ/ պետք է կարգավորվեն այդ իրավական նորմերով և ինստիտուտներով,
դ/ կրթական նոր հնարավորությունների ստեղծման տեսական իրավական հիմքերը, միջազգային կրթական իրավունքի ինստիտուտները և իրավական նորմերը, ինչպես նաև միջազգային իրավական փորձը, տալիս են եզրակացություններ և առաջարկություններ կրթական միասնական կրթաիրավական տարածքի ներդրման խոչընդոտների և դրանց հաղթահարման ուղիների մասին:
«Կրթական իրավունք» գիտության խնդիրներն են.
ա/ Հարափոխ կրթական օրենսդրության տեսական վերլուծությունն ու մեկնաբանությունը,
բ/ արդի ազատական տնտեսական հարաբերություններին հարիր կրթության սուբյեկտների գործունեությունը կարգավորող օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացումը և