Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հատուկ մաս

ԲԱԺԻՆ-8. ԿՐԹԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Գլուխ-8.1. Նախադպրոցական կրթության հասկացությունը, կրթության նպատակը, խնդիրները և իրականացման սկզբունքները

8.1.1. Նախադպրոցական կրթության հասկացությունը

Արարքները միայն միտք են արտահայտում, այդ իսկ պատճառով
մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր արարքների,
այլև՝ առավել մեր մտքերի համար:
Ն. Կ. Ռերիխ

Նախադպրոցական տարիքը անձի կայացման կարևորագույն ժամանակաշրջանն է, երբ դրվում են քաղաքացիական որակների նախադրյալները: Հենց այս ժամանակ է, որ ձևավորվում է ազատ ընտրություն անելու, այլ մարդկանց հարգելու և հասկանալու մարդու պատասխանատվությունը և ընդունակությունը՝ անկախ նրանց սոցիալական, ռասայական և ազգային պատկանելությունից, լեզվից, սեռից, դավանանքից: Այս առումով նախադպրոցական կրթության նշանակությունը ոչ միայն որոշակի հանրագումարային գիտելիքների ձևավորման, այլև՝ անձի հիմնարար ընդունակությունների, նրա սոցիալական և մշակութային հմտությունների, էկոլոգիապես նպատակահարմար վարքի, առողջ ապրելակերպի զարգացման մեջ է։

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ը սահմանում է, որ նախադպրոցական կրթությունը Հայաստանում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է: Այն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է՝

ա) նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը՝ նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան,

բ) նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը:

Այսինքն՝ նախադպրոցական կրթությունը մինչև 6 տարեկան երեխայի տարրական ընդհանուր կրթությանը նախապատրաստող, նախադպրոցական կրթական ծրագրով իրականացվող կրթությունն է, որն իրականացվում է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատությունում:

Նախադպրոցական կրթությունը՝ նախադպրոցական հաստատություններում երեխաներին կրթելն է, դաստիարակելը, հոգ տանելն ու խնամելր:

Նախադպրոցական հաստատությունները ստեղծվում են նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական և հոգեբանական առողջության ամրապնդման և պահպանման, անհատական կարողությունների զարգացման և աճի առկա խաթարումները շտկելու համար: Դրանք գործում են նաև այդ երեխաների ծնողներին խորհրդատվությամբ աջակցելու համար: Հենց ծնողներն են իրենց երեխաների առաջին «մանկավարժները»: Նրանք պարտավոր են մանկական հասակում դնել իրենց երեխաների անհատական ֆիզիկական, բարոյական, մտավոր զարգացման հիմքերը: Երեխաներն ամեն ժամ և ամեն օր պետք է զգան իրենց ծնողների սերը, գորովանքը և վստահությունը: Հեգելը գրել է, որ երեխայի ծննդյան առաջին տարիներին հատկապես