Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8.3.4. Մանկավարժի, ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների, տնօրենի իրավունքները և ատեստավորումը

Ցավոք, պետք է նշել, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ը թեև թվարկում է նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներին, սակայն նրանց իրավասությունները /իրավունքները և պարտականությունները/ օրենքը չի սահմանում:

Օրենսդիրը նախադպրոցական ուսումնական հաստատության «մանկավարժ» հասկացության տակ մտցրել է այն բոլոր անձանց՝ տնօրեններին, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենների տեղակալներին, դաստիարակ-մեթոդիստներին, դաստիարակներին, ավագ դաստիարակներին, ուսուցիչներին, լոգոպեդ-ուսուցիչներին, հոգեբաններին, սոցիալական մանկավարժներին, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչներին, երաժշտության ուսուցիչներին, օղակների, ստուդիաների, խմբակների ղեկավարներին, բուժաշխատողներին, դաստիարակների օգնականներին, դայակներին և այլ մասնագետների, ովքեր զբաղվում են երեխաների խնամքով, դաստիարակությամբ: Փաստորեն, օրենսդիրը ձեռնպահ մնալով նրանց իրավասությունները սահմանելուց, հավանաբար, նկատի է ունեցել, որ այդ իրավունքները և պարտականությունները կսահմանվեն այդ աշխատողների պաշտոնների նկարագրերով՝ ներառելով դրանք ներքին կանոնների կամ հաստատության կանոնադրության մեջ: Սակայն նկատի ունենալով, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ամենառիսկայինն են, կարծում ենք, որ, առնվազն, օրենքով պետք է սահմանվեն նրանց ընդհանուր իրավունքները և պարտականությունները և ոչ թե հոդված 24-ով ընդամենը սահմանվեր, որ նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան: «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ն էլ ընդամենը սահմանում է ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները:

Ինչ վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատության, նրա տնօրենի և մանկավարժների հետագա աշխատանքի շարունակականության ապահովմանը, ապա այն կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական կրթական չափորոշիչների համապատասխանության ստուգման միջոցով: Ատեստավորում են անցնում թե՛ նախադպրոցական ուսումնական հաստատությունը, թե՛ նրա տնօրենը և թե՛ մանկավարժները:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունը պետք է համապատասխանի այդպիսի հաստատությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր չափորոշիչներին և անվտանգության կանոններին:

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների, ղեկավարների ատեստավորումը պարտադիր է և իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի /ՀՀ կրթության և գիտության նախարարության/ սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան: Ատեստավորման հանձնաժողովի մեջ չեն կարող ընդգրկվել այն անձինք, ովքեր ատեստավորվելու են:

Մանկավարժների և ղեկավարների ատեստավորումը կազմակերպվում է հինգ տարին մեկ:

ՀՀ կրթության և գիտության նախարարը 2007 թվականի նոյեմբերի 15-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի և ատեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» N1120-Ն հրամանի հավելված 1-ով հաստատել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը», որով կանոնակարգել է՝ մրցույթի մասին հայտարարություն տալու, մրցույթի նախապատրաստման, անցկացման, մրցույթի արդյունքների հրապարակման և բողոքարկման, մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակման, հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի կազմակերպման հարցերը:

Օրինակ, մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Վարչություն են ներկայացնում.