4.2. Ընտրել լրացուցիչ կրթական ծառայության համար կրթադաստիարակչական ծրագրերը և կրթական ծառայությունների տեսակները:
4.3. Առաջարկություններ մտցնել հաստատությունում կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ:
4.4. Լսել տնօրենի, մանկավարժների հաշվետվությունները երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական աշխատանքների մասին:
4.5. Պայմանագիրը վաղաժամկետ կասեցնել միակողմանի՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով հաստատությանը:
4.6. Պայմանագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կարող է փոփոխվել 2 կողմերի համաձայնությամբ:
Պայմանագիրը պետք է պարունակի նաև պայմանագրի դադարեցման հիմքերը:
Դրանք կարող են լինել՝
1. ինչպես կողմերի համաձայնությամբ, այնպես էլ պայմանագրի ժամկետը լրանալու հետևանքով,
2. Ծնողի կողմից պայմանագրի դադարեցման հիմք կարող են հանդիսանալ հետևյալ դեպքերը՝
ա/ առողջապահական մարմնի եզրակացությամբ՝ եթե հնարավոր չէ շարունակել երեխայի այցը հաստատություն,
բ/ եթե հաստատությունը երեխային վնասվածք է պատճառել,
գ/ ծնողը կամ երեխան այլ բնակավայր է տեղափոխվել,
դ/ երեխան մահացել է կամ պայմանագրով սահմանված չհաճախելու ժամկետը լրացել է,
ե/ եթե հաստատությունը չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները,
զ/ կրթավճարը սահմանված ժամանակին չի չվճարել:
Հաստատությունը կարող է իր նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը՝
ա/ հաստատության լուծարման,
բ/ ծնողի ստանձնած պարտավորությունները չկատարելու /օրինակ՝ կրթավճարը չվճարելու/,
գ/ պոլիկլինիկայի կողմից երեխային հաստատություն տանելն արգելափակելու դեպքերում:
Պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, ստորագրում են երկու կողմերը և յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Գլուխ 8.4. Դաստիարակության էությունը, իրավական կարգավորումը և ձևերը
8.4.1.Դաստիարակության բովանդակությունը, նպատակը և խնդիրները
1999 թ. ապրիլի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ով սահմանված է, որ կրթությունը՝ անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար:
Բացի այդ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 1-ին մասով սահմանված է, որ հանրակրթությունն անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով:
Ցավոք, «Նախադպրոցական կրթություն մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը որևէ կերպ չի անդրադառնում դաստիարակության սահմանմանը և միայն ամրագրում է, որ նախադպրոցական կրթությունը՝ տարրական ընդհանուր կրթությանը նախապատրաստող, նախադպրոցական կրթական ծրագրով իրականացվող կրթությունն է, այն դեպքում, երբ երեխայի դաստիարակության հիմնաքարը դրվում է նրա նախադպրոցական հասակում:
Դաստիարակության հիմքերը դրվում են նախադպրոցական հասակում և ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում՝ ինքնակատարելագործման միտումով: