ԲԱԺԻՆ 9. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Գլուխ 9.1. Հանրակրթության բովանդակության ժամանակակից հասկացությունը, նպատակը և խնդիրները
9.1.1. Հանրակրթության բովանդակության ժամանակակից հասկացությունը
Կրթությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է համահունչ մարդկային հասարակության պատմական զարգացմանը: Կրթության էական և խորը նպատակների և նրա բովանդակության յուրացումը կրթական գործընթացի հիմնական բաղադրատարրն է՝ ժամանակի օբյեկտիվ պահանջը: Կրթության բովանդակության ուսումնասիրումը դպրոցի կերպարի ձևավորման հաջորդ տրամաբանական աստիճանն է: Կրթությունը մշակույթի այբուբենն է:
Ուսուցումը սոցիալ-կրթական գործընթաց է, որը պայմանավորված է մարդու՝ որպես հասարակական հարաբերությունների օբյեկտի, վերարտադրության անհրաժեշտությամբ: Համաշխարհային հոգևոր և նյութական մշակույթը ծառայում է որպես անհատի «ստեղծման շինանյութ» և աղբյուր, որն արտացոլում է մարդկային կուտակված փորձի ամբողջ հարստությունը:
Կրթության բովանդակության տակ պետք է հասկանալ գիտական գիտելիքների, գործնական հմտությունների և նորարարությունների, ինչպես նաև աշխարհայացքային և բարոյա-գեղագիտական գաղափարների այն համակարգը, որոնցով պետք է օժտված լինի սովորողը ուսուցման գործընթացում. դա սերունդների հասարակական նպատակների այն մասն է, որն ընտրվում է մարդու զարգացման համար դրված նպատակներով և այդ տեսքով էլ փոխանցվում է նրան:
2010-2011 թթ. ուսումնական տարում հանրապետությունում գործում է 1457 դպրոց, որից 1368-ը՝ պետական և 53-ը՝ ոչ պետական միջնակարգ ընդհանուր դպրոց: Դրանցից՝ 9-ը տարրական է /4-ը ոչ պետական/, 310-ը հիմնական է /3-ը ոչ պետական/ 47-ը, ավագ դպրոց, 1014-ը պետական և 37-ը՝ ոչ պետական միջնակարգ դպրոց /1-12 դասարան/: Գործում են նաև 34 վարժարան և 14 արհեստագործական դպրոցներ: Հանրակրթական հաստատություններում սովորում են 465.403 աշակերտ, որոնց դասավանդում են 41.5 հազար ուսուցիչ:
Կրթությունը կարելի է պատկերացնել որպես գիտելիքների, հմտությունների, նորարարությունների, մտածելակերպի եղանակների որոշակի համակարգի յուրացման, դրա հիման վրա անհատի զարգացման համապատասխան մակարդակի ապահովման գործընթաց և արդյունք: Դրանում էլ կայանում է կրթության բովանդակության արդիականությունը:
Հարցի տեսական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ նոր կրթական մեթոդիկաների մշակումը, այդ կապակցությամբ հետազոտությունների անցկացումն ուղղված պետք է լինի ժամանակակից կրթական համակարգի կատարելագործմանը:
Գործնականում՝ նորագույն կրթական տեխնոլոգիաների և մեթոդիկաների կիրառումը, իր